Ցուցարարները Կառավարության շենքի դիմաց են, պահանջում են վարչապետին (տեսանյութ)

02:18 • 10.11.20

04։05

Ես այն մարդն եմ, որ նման կարգի բան սպասում էր Փաշինյանից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ Կառավարությունը պետք է հեռանա: «Ինձ քիչ առաջ ասացին, որ այնտեղ արդեն խաղաղապահներն են մտել, ես չեմ կարող ասել, կապ չունեմ Ստեփանակերտի հետ»,-ասաց նա և նշեց, որ խորապես հիասթափված է:

«Վարչապետ, նախագահ պետք է թռնեն, նախագահին մի մոռացեք, նա էլ է սրա քավորը: Մենք պետք է խորապես հասկանանք Ղարաբաղը ինչ է ուզում, արդյոք ճնշում է եղել Ղարաբաղի վրա, թե ոչ, ես չեմ կարողանում Ստեփանակերտի հետ կապվել, ով է ներկայացնում Արցախի իշխանությունը»,-ասաց նա և նշեց, որ հիմա հավաքվում են հասկանան, թե ինչ պետք է արվի:



04։00

Սա կարելի է ասել գաղտագողի ստորագրված փաստաթուղթ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Այդ հարցը բավականին վիճահարույց է դարձնում դրա լեգիտիմությունը, երկրորդ՝ դա միջպետական համաձայնագիր է և պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից և ընդունվի Սահմանադրական դատարանի կողից»,-ասաց նա։

 
03։46

«Ով է թույլ տվել քեզ ինչ-որ բան ստորագրել, պետք է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, չեղարկել նրա ստորագրած բոլոր փաստաթղթերը»,-այս մասին նշում էին կառավարություն ներս մտած քաղաքացիները և պահանջում ռազմաքաղաքական ոստիկանությունը պատասխանատվությունը վերցնի իր վրա:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ առավելագույնը, ինչ փորձում են այս պահին անել, դա հանգստացնելն է հազարավոր հայրենակիցներին, ովքեր ունեն օբյեկտիվ ցասում այս ամբողջ իրավիճակի հետ կապված:

«Այստեղ հավաքված են մարդիկ, որոնց երեխաները ամուսինները ընկել են մարտի դաշտում և գրչի մեկ հարվածով կայացվել է որոշում հողերի հանձնման, Շուշիի հանձնման հետ կապված, սա անընդունելի է: Այն, որ այսօր մեր պատմության ամենաամոթալի էջն է գրվել, որը չի ներվելու, ես վստահ եմ հանրությունը պարզապես չի ներելու այսօրվա արարքի համար օրվա իշխանություններին»,- ասաց նա և նշեց, որ հրաժարականը նվազագույնն է ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ հետագա գործողությունները կքննարկվեն վաղը իրենց քաղխորհրդի նիստին:


03։31

«Բան մի՛ ջարդեք, սաղ սենյակներում ստուգել ենք, ինքը ստեղ չի: Այս մասին Կառավարությունում նշում էին Կառավարության ներս մտած քաղաքացիները:

«2,5 տարի առաջ բոլորովս պետությունը քանդեցինք, ես չեմ մասնակցել, բայց իմ մեղավորությունն էլ ա, հիմա ժամանակն ա, որ բոլորս կանգնացնենք մեր պետության կորուստը, բոլորս Հանրապետության հրապարակ»,-ասում էր ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք նշում էին, որ «մենք հող չունենք հանձնելու, այնքան ընկերներ ենք կորցրել»։ «Նիկոլ դու դավաճանեցիր ․․․նախկինները հետ չեն գալու, դուք էլ հետ չեք փախնելու, պատմության մեջ Ձեր անունը գրվելու է դավաճան Նիկոլ Փաշինյան, ոչ մեկին չենք թողնելու փախնի»,– ասում էին ցուցարարները:


03։16

Գլխավոր շտաբի պետին կանչում ենք և հանձնում ենք իրան մեր իշխանությունը: Այսմասին բացականչում էին կառավարություն ներս մտած բողոքի ակցիայի մասնակիցները: «Ամբողջ ռազմական դրությունը հանձնում ենք Օնիկ Գասպարյանին, քանզի նրան արգելված է եղել բաների մասնակցելը»,-նշում էին նրանք:

03։58

Քաղաքացիները մտել են Կառավարության դահլիճներից մեկը և փնտրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

02։59

ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ներխուժեցին Կառավարության շենք: Նրանք բղավում էին և բարձրանում կառավարության աստիճաններով: Նշենք, որ Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքացիները հավաքվեցին կառավարության դիմաց:




02։ 30

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կառվարության շենքի ետնամուտքում, երբ փորձում էր մտնել շենք ներսի դարպասներից, Tert.am-ի հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում է, չպատասխանեց և հեռացավ:




02։18

Մի խումբ քաղաքացիները մտել են Կառավարության շենք և իրենց բողոք են արտահայտում Արցախում պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթղթի վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել այն մասին, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։ 

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- գրել է վարչապետը։