Քաղաքացիները ԱԺ բակում պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթի չեղարկում (տեսանյութ)

09:37 • 10.11.20

Քաղաքացիները մուտք էին գործել ԱԺ շենք և նիստերի դահլիճում պահանջում էին չեղյալ համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը։ Կարճ ժամանակ անց նրանք դուրս եկան ԱԺ բակ, որտեղ շարունակեցին իրենց բողոքը՝ նույն պահանջով։

Սեպտեմբերի 27-ից եղել է Արցախում, մարտական գործողությունների մասնակից Արթուր Գրիգորյանը Ազգային ժողովի դիմաց իրականացվող բողոքի ակցյայում նշեց, որ փորձում են պրոցեսը տանել իրավական հունով:

«Մենք ներկայացրել ենք պահանջներ, որոնցից մեկը արտահերթ խորհրդանական ընտրություններ անցկացնելն է, որի ընթացքում պետք է չեղարկվի արտակարգ դրությունը, երեք պետությունների կողմից ստորագրված փաստաթուղթը, կազմավորվեր նոր Ազգային ժողով՝ նոր մարդկանցով, հներից ոչ մեկ չպետք է լինի, բայց փորձում են արհեստականորեն այդ ամենը ձգձգել, այդ ամենը տանել որոշակի հունով, բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են հայ ժողովրդի ճակատագրով, պահը օրհասական է, մենք պետք  է բոլորս ավելի մեծ թվով հավաքվենք այստեղ, որ կարողանանք ավել մեծ ճնշում գործադրել Ազգային ժողովի վա»,-ասաց նա և նշեց, որ պետք է վարչապետի հրաժարական լինի:

Նա նշեց, որ մեր ժողովուրդը այս օրերի թափած արյան համար այս կերպ լուծում չպետք է ունենա: «Մենք 94 թվականին հաղթել ենք, հաղթածի լեզվով պետք է խոսենք»,-ասաց նա: Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ ներսում խոսել են «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, և ԲՀԿ-ն տվել է ստորագրություն, որ արտահերթ նիստ հրավիրվի, իսկ ԼՀԿ-ն դեռ չի տվել ստորագրությունը:

Հիշեցնենք նաև, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել այն մասին, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- գրել էր վարչապետը։