Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ, նա պետք է հեռանա. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

18:07 • 10.11.20

ԱԺ «Լուսավոր  Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագրին, որով ԼՂ հակամարտության գոտում դադարեցվում են ռազմական գործողությունները։ Մարուքյանը նշել է, որ ստորագրված համաձայնագիրը խայտառակ փաստաթուղթ է, այն Հայաստանին դնում է ծանր վիճակի մեջ:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այսօր հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ և քննարկել ռազմական դրությունը հանելու հարցը, սակայն  ԳՇ պետը իրեն հորդորել է այս պահին չհանել ռազմական դրությունը՝ հաշվի առնելով զինված ուժերում բազմաթիվ անելիքները և խնդրել է 7 օր սպասել և հնարավորություն տալ ՀՀ զինված ուժերին:

«Որոշում ենք ընդունել, որ 7 օր հետո ռազմական դրության իրավական ռեժիմը երկրում վերացնելու վերաբերյալ ԱԺ-ի առանձին նախաձեռնություն կլինի, հանդիպել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրան էլ եմ տեղեկացրել, որ նման պահանջ կա»:

Էդմոն Մարուքյանը հորդորեց սթափ լինել, որ որևէ պատգամավորի և պատգամավոր անձի նկատմամբ ճնշումներ չգործադրվեն, եթե խորհրդարանը չունենա անդորր, իշխանական պատգամավորները չեն գա, չի լինի քվորում և չեն կարող որոշում կայացնել. «Այս 7 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չպետք է իր գործողություններով խաթարի երկրում քաղաքացիական համերաշխությունը, ուղղորդի բախումների, դա հղի է անդառնալի հետևանքներով»:

«Մյուս պահանջը վարչապետի հրաժարականի պահանջն է, այն, որ հայ ազգը չի կարող պարտվել, դա միանշանակ է, պարտվել է երկրի առաջնորդը: Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ և նա պետք է հեռանա, դա կքննարկենք, երբ ռազմական և անվտանգային խնդիրները լուծված կլինեն: Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը պետք է գիտակցեն, որ սա այն Հայաստանը չէ, որտեղ իրենք 83 տոկոս ձայն են հավաքել և այն Հայաստանը, որ Արցախի հետ միասին ուներ 42 հազար ք/մ կմ, այդ Հայաստանը այլևս չկա, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքակնության և նրա տված ստորագրության արդյունքով»,- նշեց նա: