Եթե մենք մի տարի առաջ համաձայնած լինեինք հինգ տարածքների վերադարձին, ըստ էության կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր, և դա ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

15:47 • 10.11.20

Այսօր ուզում եմ անդրադառնալ իմ մեղքերին, նկատի ունեմ՝ եթե եղել է անհաջողություն, նշանակում է՝ ես ինչ-որ տեղ սխալվել եմ՝ պատերազմը կանխելու տրամաբանության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ բանակցություններում միակ հստակ դրույթն այն է եղել, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն Արցախի 7 շրջանները: «Ինձ չի հաջողվել բանակցային տրամադրությունը փոխել. ինչու չի հաջողվել, որովհետև տարածքների հանձնման թեման միակ կոնկրետ թեման է եղել, որ այս բանակցություններում շատ հստակ և տարընթերցումների տեղիք չտվող թեզ է եղել:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ես ասում էի՝ ունենք այսպիսի իրավիճակ, սա է մեր ընտրությունը, դուք ասելու՞  էիք՝«որտեղ էիր այսքան ժամանակ, բա ինչու շուտ չէիր ասում, մենք էլ այդպիսի բան էինք սպասում, շուտ արա, վերադարձրու տարածքները»: Իհարկե, սա չէիք ասելու, ասելու էիք՝ ոչ: Ես էլ լինեի ձեր տեղը, էլի ասելու էի՝ ոչ»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով նաև, որ եթե շուտ լիներ պատերազմը, ավելի վատ կլինեին արդյունքները՝ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

«Պատերազմից առաջ, երբ կային նախանշաններ, և որոշեի, որ պետք է այս պատերազմը կանխել, և այդ ժամանակ էլ պետք է գայի, ասեի՝ այսպիսի ընտրություն ունենք՝ կա՛մ, առնվազն, 5 շրջան հանձնում ենք՝ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու, կա՛մ պատերազմ ենք ունենում: Ինչու չեմ եկել և ասել՝ նախ, որովհետև ես չէի ուզում, որ մենք այդպես հանձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների համար: Կամ սեպտեմբերի 1-ին կամ 2-ին ասեի, որ կա՛մ հիմա սա ենք անում, կա՛մ պատերազմ է լինում, ի՞նչ էր ասելու հայ հանրությունը, ասելու էր՝ ոչ, մենք կգնանք, կկռվենք և կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները, և արդյունքում մենք ստանալու էինք պատերազմ»,-ասաց նա:

Հաջորդ հարցադրմանը, որ եթե այսպես էր, ինչու, օրինակ, պատերազմի 3-րդ, 4-դ, 5-րդ, 6-րդ օրը չեն փորձել կանխել դրա հետագա զարգացումը, Փաշինյանը պատասխանեց. «Նախ՝ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, և երկրորդ՝ ըստ էության, պատերազմը կանխելու պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու, նաև՝ կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալով: Եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, ռազմաճակատի իրադրությունից դա ամենևին չէր փոխվում»:

Փաշինյանն ասաց, թե դա էլ չի ասել, քանի որ էլի հավատացել է, որ մենք կարող ենք պայքարել: «Դրա համար փորձում էի անել ինձնից կախված առավելագույնը, և երկրորդ՝ եթե ասեի, հայ հանրությունն ինչ էր ասելու՝ եկեք առնվազն 5 տարածքները հանձնենք և խաղաղություն ունենա՞նք: Ընդ որում, պատերազմի մեկնարկից հետո արդեն խոսքը լինելու էր ոչ թե 5, այլ 7 տարածքների մասին: Շատ պարզ պատճառով այդ փուլերից որևէ մեկում նման որոշում չկայացվեց՝ մենք ուզում էինք բեկել պատերազմի ընթացքը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ, կայացվեց այսպիսի ցավոտ որոշում այն ժամանակ, երբ արդեն ակնհայտ էր, որ մենք պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք, և մեր առաջ դրված է եղել խնդիր՝ խուսափել վատթարագույնից:

«Ըստ էության, եթե մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում ենք այսօր, հետահայաց կարող ենք ասել, որ եթե մենք մի տարի առաջ համաձայնած լինեինք 5 տարածքների վերադարձի բանաձևին, ըստ էության, կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր, և դա ճշմարտութունն է, բայց ով է, որ Հայաստանում կհավատար, որ դա ճիշտ ճանապարհ է: Շատ քիչ մարդիկ, ես էլ չէի հավատա, որ դա ճիշտ ճանապարհ է, որովհետև այնքան անարոշություններ են բացվում, որ դա դառնում է խնդրահարույց, և ստացվում է, որ մենք առանց պայքարի ուղղակի որևէ բան հանձնեցինք և չփորձեցինք հանուն դրա պայքարել»,-ասաց նա՝ նշելով, թե ինչքան վերլուծում է, իր սխալները տեսնում է այս տիրույթում:

«Կարելի՞ է դա սխալ համարել և արդյո՞ք դա բերում է պատասխանատվություն. այս իրավիճակը, իհարկե, բերում է պատասխանատվության, և ես լիուլի կրում եմ այդ պատասխանատվությունը, ամբողջապես եմ կրում, անձամբ եմ կրում՝ անկախ բոլոր հանգամանքներից, բայց հետահայաց նայելու դեպքում ես գիտեմ, որ ինձ համար և ձեզ համար այդ լուծումները ուղղակի անհնար էին: Փաստն այն է, որ մենք և մեր բանակը այս պատերազմում կռվել ենք մինչև վերջ և անմնացորդ»,-հայտարարեց նա:

 

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է՝ որն է իր մեղքը ստեղծված վիճակում։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել էր, թե հայտնվել էինք մի իրավիճակում, որ ուղղակի այլընտրանք գոյություն չուներ. այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը։