Կրեմլը հրապարակել է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հայտարարության տեքստը. Թուրքիան որևէ կետում չի հիշատակվում
Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրվել է լույս երեքշաբթի։
Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ կողմերը դադարեցնում են ռազմական գործողությունները, մնում են իրենց զբաղեցրած դիրքերում ու փոխանակում ռազմագերիներին։ Բացի այդ, հաղորդվում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման մասին։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ռուս զինծառայողների հետ մեկտեղ տարածաշրջանում կտեղակայվեն նաև թուրք զինծառայողներ, սակայն Կրեմլի հրապարակված տեքստում Թուրքիան չի հիշատակվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:










