Վերջին 2.5 տարում բանակը մշտապես եղել է Կառավարության ուշադրության կենտրոնում, գուցե այս պատերազմի համատեքստում կատարված միջոցառումներից ոչ բոլորն են բավարար չափով արդյունավետ եղել. Նիկոլ Փաշինյան

17:03 • 10.11.20

Բանակի զարգացման համար մենք վերջին 2.5 տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել, գուցե այս պատերազմի համատեքստում այդ միջոցառումներից ոչ բոլորն են բավարար չափով արդյունավետ եղել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գուցե կարելի էր ոչ թե «Ա» միջոցառումն իրականացնել, այլ «Բ» միջոցառումը իրականացնել, և այդ պարագայում այս պատերազմի տրամաբանությամբ գուցե ամեն ինչ ավելի արդյունավետ կլիներ: Բայց որ վերջին 2.5 տարվա ընթացքում բանակը մշտապես եղել է Կառավարության ուշադրության կենտրոնում, դա փաստ է: Այո՛, մենք չենք կարողացել բանակի վրա դնել այնքան գումար, ինչքան մենք ցանկանում էինք դնել»,-ասաց վարչապետը:

Նա նշեց՝ տարբեր առիթներով խոսել է քաղաքացու հարկային գիտակցության, ՀԴՄ-ների մասին. «Նույնիսկ ասել եմ՝ նրանք, ովքեր ՀԴՄ չեն տպում, չեն վերցնում, պահանջում, զինվորի հացն են գողանում»։

Ըստ Փաշինյանի՝ չեն կարողացել կոռուպցիոն գործերով բավարար միջոցներ գեներացնել, գոնե՝ 1-1.5 մլրդ դրամ և դա ծառայեցնել բանակի նպատակներին, բայց այդ պլանը եղել է և շարունակում է գոյություն ունենալ:

«Այս իրավիճակում մեզ մնում է կենտրոնանալ Հայաստանի և Արցախի՝ տնտեսապես, ինտելեկտուալ, կրթական առումով ուժեղացման վրա՝ արձանագրելով, որ այո՛, մենք ընկել ենք, բայց չենք ծնկել, կանգնել ենք «տղամարդավարի»՝ բառիս ամենաբուն իմաստով մինչև ամենավերջին «խազը» և այդտեղ կայացրել ենք որոշում՝ անդունդը չգլորվելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դա եղել է ցավոտ, բայց անհրաժեշտ ու անխուսափելի որոշում, որովհետև դրա չլինելու դեպքում մեր իրադրությունը լինելու էր շատ ավելի վատ:

«Սա մեծ անհաջողություն է մեզ համար, մեծ աղետ, սուգ, բայց ես հավատում եմ, որ Հայաստանը պետք է ապրի, Արցախը պետք է ապրի, և մենք պետք է ուժեղանանք, հզորանանք, գուցե որոշակիորեն վերանայենք մեր նախկին ընկալումները ամենատարբեր հարցերի վերաբերյալ: Պետք է կարողանանք մեր փորձից դասեր քաղել, որոնք պետք է լինեն կառուցողական և ծառայեն մեր հայրենիքին, մեր ժողովրդին, մեր ապագային»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: