«Փաշինյանը զգալի ջանքեր է ներդնում ԼՂ շուրջ պայմանավորվածությունների էությունը ՀՀ քաղաքացիներին բացատրելու ուղղությամբ». Պեսկով

14:33 • 10.11.20

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացիներին բացատրելու ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստն ու էություն, և Կրեմլում լիահույս են, որ այդ բաատրությունները պատշաճ կընդունվեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Գիտենք, որ վարչապետ Փաշինյանը զգալի ջանքեր է ներդնում՝ բացատրելու այդ պայմանավորվածությունների իմաստն ու էությունը: Հույս ունենք, որ այդ բացատրություններն ըստ պատշաճ կերպով կընդունվեն»,- նշել է նա: 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: