Պուտինը կոչ է արել աջակցել Փաշինյանին և Ալիևին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

16:25 • 10.11.20

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու իրենց ցուցաբերած վճռականության հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Իրապես, նման բարդ, խճճված համակարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար  անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել, գնալ այդ փոխզիջումներին: Իսկ դրա համար որոշում կայացնողների քաջություն է անհրաժեշտ»,- նշել է Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ: 

«Այս առումով, իհարկե, բոլորս պետք է աջակցենք և՛ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, և՛ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին՝ տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման պայմաններ ստեղծելու և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարաբերությունների երկարաժամկետ ձևավորման հարցում ցուցաբերած վճռականության համար»,- ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: