«ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հետագա քայլերը». Զախարովա

13:22 • 10.11.20

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները, հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում իր գործընկերների հետ:

«Հենց նոր կայացել է հեռախոսազրույց Թուրքիայի արտգործնախարարի հետ: Թուրքական կողմն աջակցել է երեկ երեք երկների ընդունած հայտարարությանը: ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ-ները կարծիքներ են փոխանակել տվյալ իրավիճակում անհրաժեշտ հետագա քայլերի ձեռնարկման առնչությամբ», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ նախարարները քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հետագա քայլերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ քննարկում էր ունեցել, ինչը պաշտոնապես հաստատել է ՌԴ արտգործնախարարությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: