Թրամփը «ցնցող» տվյալներ կհրապարակի Նևադա նահանգում անցկացված ընտրություններից

00:44 • 10.11.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրապարակել «ցնցող» տվյալներ Նևադա նահանգում տեղի ունեցած քվեարկությունից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թրամփի թվիթերյան գրառումը:

«Նևադան, պարզվում է, կեղծ ձայների բուծարան է: Մեթ Շլափը (խմբ.՝ Ամերիկյան պահպանողական միության ղեկավարը) և Ադամ Փոլ Լաքսալտը (խմբ.՝ Նևադայում Թրամփի շտաբի ղեկավարի տեղակալը) իրեր են գտնում, որոնք, երբ հրապարակվեն, կլինեն միանգամայն ցնցող»,- երկուշաբթի գրել է թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ Նևադայում Թրամփի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել նահանգային դատախազություն՝ հայտնելով, որ այնտեղ փոստային քվեարկությամբ ապօրինի ընտրությանը մասնակցել է 3026 մարդ, որոնք ավելի վաղ լքել են նահանգը: Նևադայի գլխավոր դատախազ Ահարոն Ֆորդն այդ բողոքն «աղբ» էր անվանել: