ԱՄՆ-ում հայտնել են՝ որ դեպքում իշխանությունը կփոխանցվի Բայդենին

11:36 • 10.11.20

Մի շարք առաջատար լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ջո Բայդենին իշխանության փոխանցման գործընթացը մեկնարկելու է միայն ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) որոշումից հետո, այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի կազմում գործող ԱՄՆ Միջազգային զարգացան գործակալության փոխտնօրեն Ջոն Բարսան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Բարսան ընգծել է, որ երկրում դեռևս իշխանության փոխանցման գործընթացը չի սկսվել:

«Ոչինչ չի փոխվի, մինչև Վարչության ղեկավարությունը չորոշի, թե ով է հաղթել ընտրություններում»,- ընդգծել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում է դեմոկրատ Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող, ինչը թույլ չի տալիս երկրում սկսել հետընտրական անցումային շրջանը:

Ինչպես գրում է Politico-ն, քանի դեռ Մերֆին Բայդենին չի ճանաչում ընտրված նախագահ, վերջինիս թիմը չի կարող կառավարական ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ստանալ և դաշնային վարչությունների հետ աշխատանք սկսել:

«Հաստատում դեռևս չկա: Վարչությունը և դրա ղեկավարը կշարունակեն հետևել օրենքի բոլոր պահանջներին»,– ասվում է Վրաչության հայտարարությունում:

Իր պաշտոնում Թրամփի կողմից նշանակված Մերֆին առայժմ Բայդենի թիմին համաձայնություն չի տալիս աշխատանքը սկսելու առնչությամբ:

Ըստ փորձագետների՝ այս ուշացումը կարող է խոչընդոտներ ստեղծել Բայդեն ի թիմի համար: Աղբյուրը նկատում է, որ ստեղծված իրավիճակում Մերֆին հայտնվել է հետընտրական զարգացումների կենտրոնում:

Նշվում է, որ Բայդենի՝ անցումային թիմը մինչ այս Մերֆիի գլխավորած վարչությանը ժամանակ էր տվել որոշում կայացնելու համար, սակայն կիրակի հայտարարվել է, որ պատրաստվում է ճնշում գործադրել պաշտոնյայի վրա, որպեսզի վերջինս պաշտոնապես հաստատի Բայդենի հաղթանակը:

Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Նա պահանջում է, որ մի շարք առանցքային նահանգներում ձայների վերահաշվարկ իրականացվի: Թրամփի պնդմամբ՝ օրինական ձայների քանակն իրեն թույլ է տալիս ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող ճանաչվել: