Հոկտեմբերի 8-ին, երբ Հադրութում մարտեր էին, արդեն մշակվել էր՝ Շուշին պետք է հանձնենք․ Փաշինյանին ասվել էր՝ Ալիևն ուզում է 7 շրջանները, Շուշին ու ինչ գրավել են Ղարաբաղից. Հ. Բագրատյան (տեսանյութ)
Այն, ինչ տեղի է ունեցել, այդպիսի աղետ մեր երկրի պատմության մեջ չի եղել, այս մասին Երևանի Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությանը, որն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«1992-94 թվականներին Արցախի 4400 քմ-ին գումարվեց 8200 քմ և Արցախի Հանրապետությունը դարձավ է 12 600 քմ: Երեկ չէ առաջին օրը ստորագրվել է թուղթ, որով 12 600-ից 10 100-ը տրվում է թուրքերին, մնում է 2.5 հազար: Նման ձևի 10 100 քմ հանձնելն անընդունելի է: Այս հետքը երկու տարի առաջ երևում էր, երբ հարձակվում էր քաղաքական կուսակցությունների վրա, երբ հարձակվում էր ստրատեգիական դաշնակիցների վրա, նախկին զինվորականների վրա: Այս տարի հոկտեմբերի 8-ին, երբ դեռ մարտերը գնում էին Հադրութի կողմում, արդեն մշակվել էր, որ Շուշին պետք է հանձնենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ հարավային կորպուսը ամբողջովին ջարդվեց և մարդիկ նահանջում էին, չնայած՝ այնտեղ որտեղ քաջաբար հերոս տղաները կանգնած էին, կարող էին հակագրոհել, բայց չէին թույլատրում:
«Իսկ Շուշին գրավելուց նրանք մեկ գրավում էին, մենք հետ էինք գրավում, նրանք գալիս նորից գրավում էին, հետ էինք գրավում, մեզ ասացին՝ հետ եկեք, որովհետև հոկտեմբերի 8-ին Փաշինյանին ասվել էր, որ Ալիևն ուզում է բոլոր 7 շրջանները, Շուշին ու այն, ինչ կհասցնի գրավել Ղարաբաղից ու մի բան էլ ՀՀ-ից՝ Ղազախի շրջանի գյուղերը, նաև հարավում Գորիսից Կափան ճանապարհը, որը նախկինում կառուցված է եղել Ադրբեջանի տարածքների վրա, ես էլ չեմ խոսում Մեղրիի միջանցքի մասին, չնայած ասում են՝ ընդամենը այդտեղով ճանապարհ են տալիս»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ սա անթույլատրելի բան է, սա արվում է, որ իբր ունենանք զրոյական խնդիրներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: «Մեզ տանում են նրան՝ դեռ Ղարաբաղը մի կողմ, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ, ինչպես օրեցօր դառնում է Վրաստանը: Մեզ ասում են, որ մենք խնդրել ենք սրա համար մեր դաշնակցին, Ալիևը ամբողջն էր ուզում, հիմա, եթե այսպիսի մարդը՝ Փաշինյանը մնա էլ, ի՞նչ ենք անելու, վստա՞հ եք, որ վաղը Երևանը չի տալու: Նա պետք է հեռանա ժամ առաջ, օր առաջ, այսօր: Մենք ինչպե՞ս ենք հանդուրժելու երկրի այն նախագահին, ով ասում է՝ ես տեղյակ չեմ: Ինչի դու փալա՞ս ես, որ տեղյակ չես: Արցախցիների կյանքի պատասխանատուն, ի դեպ, այդ մարդն է՝ Արմեն Սարգսյանը, այսպիսի մարդկանց ղեկավարություն ո՞նց կարելի է ունենալ»,- շեշտեց նա:
Հրանտ Բագրատյանը կոչ արեց Փաշինյանին հեռանալ: «Այն տարածքը, որ մեզ տվել են, մենք այնտեղ չենք կարող վերարտադրվել: Ձեզնից շատ բան է կախված, այսօր դուք պատմություն եք կերտում, հիշեք այս օրը, հիշեք, ամեն ինչ փոխվելու է, ես չգիտեմ ինչքան կարող ենք հետ բերել, բայց ճնշող մեծամասնությունը հետ ենք բերելու, իմ փորձը դա է ասում: Այսօր չպետք է ընկրկենք, այսօր կանգնած են, որ այստեղից դուրս ենք գալու մեզ ձերբակալեն, բայց չընկրկեք: Մի ստահակի հետ գործ ունենք»,- հայտարարեց նա:










