Ապացուցեք, որ հանուն հայ ազգի իրավունքների՝ պատրաստ եք կատարել կարևոր քայլ՝ գալ ԱԺ և քվեարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության օգտին. Արծվիկ Մինասյանը՝ «Իմ քայլը»-ին
Հարգելի պատգամավորներ, որ ժողովրդի ընտրյալն եք ըստ օրենքի և հպարտորեն տաբեր առիթներով ասում եք, այսօր ձեզ ընձեռված է հնարավորություն՝ ապացուցելու, որ դուք պատրաստ եք հանուն հայ ազգի իրավունքների կատարել կարևոր քայլ՝ գալ ԱԺ և քվեարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության օգտին: Այս մասին ԱԺ-ի դիմաց հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներին:
«Այս քայլով դուք կկարողանաք նաև հայոց պատմության մեջ մնալ որպես պատգամավորներ, ազգընտիրներ, որոնք կարևորագույն պահին պահպանեցին ու պաշտպանեցին հայ ազգի պատիվը: Դուք դրանով հայոց պատմության մեջ կմնաք որպես հայ ազգի արժանապատվությունը պահող ու փրկող գործիչներ, հակառակ դեպքում դուք ոչ միայն նզովյալ կլինեք, այլև ՀՀ-ում ու աշխարհի որևէ տեղում հայտնվելիս կարժանանաք հանրային պարսավանքի»,-հայտարարեց Մինասյանը՝ ընդգծելով, որ կապահովեն նաև պատգամավորների անվտանգ մուտքն ԱԺ:
«Եթե անհրաժեշտ է, որ ձեր անվտանգությունը երաշխավորվի, մենք երաշխավորում ենք: Մենք պատրաստ ենք նաև այցելել ձեր տներ, օգնել, բերել ձեզ ԱԺ՝ առանց բռնության կամ դրա որևէ փորձի: Վստահեցնում եմ, որ մենք ի վիճակի ենք դա անել»,-ասաց նա:
Դիմելով ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցներին՝ Մինասյանն ասաց, թե հասկանում են, որ նրանք կատարում են հանձնարարականներ, սակայն բերման ենթարկելով հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանին՝ չեն օգնում հայ ազգին, չեն կատարում իրենց՝ օրենքով ամրագրված պարտավորությունը. «Դուք դրանով ընդամենը ևս մեկ անգամ կատարում եք մի գործողություն, որն ավելի շատ նման է «Հուդայի գործողության», պետք չէ դա անել»,-ասաց նա:
ՀՅԴ ԳՄ անդամն ընդգծեց՝ պահանջատիրության խաղաղ հանրահավաք է, որի հիմքում երկրի, պետականության արժանապատվությունն է: «Եթե այսօր չկատարենք այդ քայլը, վաղն ուշ է լինելու: Վաղն այդ փաստաթղթով ամրագրված տարածքները հանձնելու դեպքում այլևս որևէ հայ չի կարող ոչ միայն վերադառնալ Արցախ, չի կարող ոտք դնել մեր պատմական հայրենիքում, չի կարող անգամ մոմ վառել»,-ասաց նա:










