ԱՀԿ-ն հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճի մասին
Նախորդ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով նոր վարակվածների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 3,6 միլիոնով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկսվելուց ի վեր։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հղումով, կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվն ավելացել է 54 հազարով, ինչը 9 հազարով ավելի է, քան նախորդ շաբաթ գրանցված դեպքերի թիվը։
«Վերջին շաբաթում COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 8%-ով՝ կազմելով ավելի քան 3,6 միլիոն», - նշված է ԱՀԿ-ի ներկայացրած փաստաթղթում։ Նոյեմբերի 8-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման շուրջ 49,7 միլիոն դեպք, որից ավելի քան 1,2 միլիոնը՝ մահվան ելքով։ Ընդ որում՝ վարակման նոր դեպքերի մեծամասնությունը շարունակում է գրանցվել Եվրոպայում։ Հենց Եվրոպական երկրներում է գրանցվել վարակման նոր դեպքերի 54%-ն ու մահվան նոր դեպքերի 47%-ը։
Յոթ օրվա կտրվածքով ամբողջ աշխարհում վարակման նոր դեպքերի նախորդ ռեկորդը գրանցվել էր հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, երբ վարակվածների թիվն ամբողջ աշխարհում մեկ շաբաթում ավելացել էր ավելի քան 3,3 միլիոնով։
Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ նոյեմբերի 2-8-ը Եվրոպայում վարակվել է գրեթե 1,99 միլիոն մարդ, իսկ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 13 միլիոնը։ Յոթ օրում գրանցվել է մահվան ավելի քան 25 հազար նոր դեպք, իսկ նոյեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը եվրոպական երկրներում գերացանցել է 311 հազարը։
Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 1 միլիոնով՝ գերազանցելով 21 միլիոնը։ Մեկ շաբաթում մահացել է 17 հազար մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 656 հազարը
Հարավ-Արևելյան Ասիայի տարածաշրջանում մեկ շաբաթվա ընթացքում վարակվել է ավելի քան 390 հազար մարդ, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9,6 միլիոնը: Հիվանդության հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 149 հազարը՝ մեկ շաբաթում ավելանալով 5,1 հազարով։
ԱՄՆ-ում մեկ շաբաթում վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 684 հազարով, Ֆրանսիայում՝ ավելի քան 382 հազարով, իսկ Հնդկաստանում՝ ավելի քան 323 հազարով։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:
Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 51 835 810 դեպք, որից 1 279 963-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է վարակվածների կեսից ավելին՝ 36 407 88 մարդ:










