Վրաստանը բացառության կարգով իր օդային տարածքը կբացի ռուս խաղաղապահներին տեղափոխող օդանավերի համար

17:11 • 11.11.20

Երևանի ու Բաքվի խնդրանքով Թբիլինին բացառության կարգով կբացի իր օդային տարածքը Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահներ տեղափոխող ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

«Ռուս խաղաղապահների զորակազմի մի մասը նախապես համաձայնեցված, որոշակի ու սահմանափակ ժամանակահատվածում հակամարտությունների գոտի կտեղափոխվի վրացական օդային տարածքով։ Այս մասին մեր գործընկերները տեղեկացված են», - հայտնել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա: