Դավաճանել ենք ազգովի, չենք եղել մեր զինվորների կողքին, բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրենք․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Առաջին անգամ ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսը և Թալիշը, վտանգված էր մեր ամբողջ հյուսիսային հատվածը, երբ «Եղնիկներ» տեղամասում զորքի մի մասը խուճապահար փախնում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որ առաջնագծում գտնվող մեր տղաների թիկունքը պահեինք։ Այս մասին այսօր արցախահայությանն ուղղված իր կոչում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ես կոչ եմ արել, որ գնում եմ առաջնագիծ, իմ համար պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար էր: Այն օրը, երբ հատուկ ստորաբաժանումներից պետք է գնայինք, Հայաստանի Հանրապետությունից, ԱԱԾ-ի ամենաուժեղ, էլիտար խմբային ստորաբաժանումները, նաև Արցախից՝ հրաժարվել են գնալ «Եղնիկներ», խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ Ձեր առաջից ես եմ գնալու, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ: Քիչ զորք միացավ մեզ, դրա շնորհիվ «Եղնիկները» գտնվում է մեր վերահսկողության տակ:»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ հոկտեմբերի 3-ին ասել է, որ օրհասական վիճակում ենք և զգուշացրել՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք: Նրա խոսքով՝ զինադադար են կնքել, քանի որ զինվորները շրջափակման վտանգի տակ են եղել. «Ստեփանակերտը պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին առաջնագծում, թիկունքը պաշտպանող չկար, ո՞ւր էին կամավորականները, աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, մի քանի տասնյակ կամ մեկ երկու հարյուր հոգի, վեց հազարից ավել զորքին դրանո՞վ պետք է դիմակայեինք, իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո շրջափակում էին մեր ամբողջ զորքը՝18-20 տարեկանններին, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում»:
Մանրամասները՝ տեսանյութում։










