Հայաստանը դեպի Եվրոպա տանող Փաշինյանը երկիրն ինչ-որ սխալ տեղ տարավ. նրա աշխատանքը հանգեցրեց Հայաստանի ծանր պարտությանը. «ՌԻԱ Նովոստի»

12:18 • 11.11.20

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հրապարակել է իր թղթակից Իրինա Ալկսնիսի վերլուծությունը Լեռնային Ղարաբաղի տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Հոդվածագիրը նշում է, որ լույս նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները դեռ երկար ժամանակ քննության առարկա կդառնան քաղաքական և ռազմական վերլուծաբանների համար:

Կարճ ասած, մեկ օրվա ընթացքում պատերազմը փոխվել է խաղաղությամբ, իսկ առաջնագիծը վերածվել է ռուսական զինվորականների տեղակայման վայրի (ի դեպ, երկու ամիս ստացվող տագնապալի հայտարարություններից հետո առ այն, որ իբր Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից):

Նախ՝ ուշ երեկոյան, լուր ստացվեց, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուսական ռազմական ուղղաթիռ է խփվել, անձնակազմի երկու անդամ զոհվել է: Սա, հավանաբար, ծառայել է որպես իրավիճակի ակնթարթային փոփոխության խթան: Բաքուն դեպքից հետո կայծակնային արագությամբ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել` հայտարարելով, որ «ողբերգական պատահականություն է տեղի ունեցել», իսկ Իլհամ Ալիևը մեղայականով զանգահարել էր Պուտինին:

Այնուհետև ՌԴ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով պայմանագրի ստորագրման և Ղարաբաղում ռուսական խաղաղապահների հաստատման մասին: Պայմանագրի մանրամասներն այնպիսին էին, որ Երևանում անմիջապես սկսվեցին անկարգություններ: Ցուցարարները ջարդուփշուր էին անում կառավարության և խորհրդարանի շենքերը, դաժան ծեծի ենթարկեցին Ազգային ժողովի նախագահին: Փաստաթուղթը ստորագրած երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության կողմից մեղադրվում է պետական դավաճանության համար:

Ընդդիմության զայրույթը և ստորագրված համաձայնագրից դուրս գալու պահանջները հասկանալի են, քանի որ, ըստ էության, փաստաթուղթն ամրագրում է հայկական կողմի պարտությունը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի զգալի մասի կորուստը: Բայց Հայաստանը պարզապես այլ ելք չուներ, ավելի ճիշտ՝ կար ավելի վատը՝ ռազմական աղետ: ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ռազմական գործողությունները նույն տեմպով շարունակվելու դեպքում հայկական կողմը կկորցներ ամբողջ Ղարաբաղը: Այս հայտարարությամբ նա լրացրեց այն խոստովանությունը, որ ռազմավարական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի նկատմամբ վերահսկողությունը հայկական զորքերը կորցրել էին դեռևս նոյեմբերի 7-ին:

Այստեղ հարց է առաջանում, թե ինչու Բաքվում գնացին այս համաձայնության կնքման՝ Ադրբեջանի համար ամենակարևոր հարցի վերջնական լուծումից մեկ քայլ հեռավորության վրա գտնվելով:

Ադրբեջանի նախագահն իր երկրի համար դարձել է ազգային հերոս, բայց այնտեղ կան նաև բավականաչափ դժգոհ ձայներ (չնայած ոչ այնքան բարձր, որքան Երևանում), որոնք խոսում են ազգային շահերի դավաճանության մասին:

Անկասկած, Ալիևը իր որոշման մեջ առաջնորդվել է մի շարք պատճառների և դրդապատճառների հիման վրա: Օրինակ ՝ մի քանի շաբաթ առաջ նա երաշխավորում էր Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունն ու իրավունքների պահպանումը: Սակայն, անգամ մեծ ցանկության դեպքում, նա դժվար թե կարողանար պահել իր խոսքը. երկու ժողովուրդների հարաբերությունների պատմության մութ և արյունոտ էջերը դա են հաստատում: Իսկ Ադրբեջանի ղեկավարը դժվար թե ցանկանա պատասխանատվություն կրել հայերի հերթական կոտորածի համար: Իր հերթին, Մոսկվան հավանաբար գտել է նաև փաստարկներ, որոնք ընդունվել  են Բաքվի կողմից:

Այնուամենայնիվ, կա մեկ այլ կարևոր գործոն ՝ թուրքականը, որն ակնհայտորեն ազդել է Ադրբեջանի նախագահի կայացրած որոշման վրա: Թուրքիայի աջակցությունը հսկայական դեր է խաղացել Ադրբեջանի ներկայիս ռազմական հաջողություններում: Բայց ամեն ինչի համար պետք է վճարել, իսկ Էրդողանի հավակնությունները ավանդաբար տեղավորվում են «մատդ տուր՝ ձեռքդ կկծի» բանաձևի մեջ: Ալիևը, որը միշտ փորձում էր հավասարակշռել տարածաշրջանի հիմնական ուժային կենտրոնների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) միջև, և դրանով պահպանել իր երկրի ինքնիշխանությունը, ակնհայտորեն շահագրգռված չէ, որ Ադրբեջանը դառնա Անկարայի տիկնիկային կցորդը:

Էլ չենք խոսում այն փաստի մասին, որ հակամարտության գոտի էին տեղափոխվել ծայրահեղական խմբավորումների զինյալներ, որոնք Ադրբեջանի համար էլ մեծ գլխացավանք են: Հենց դա է պատճառը, որ մահմեդական երկրները սովորաբար իրենց երկրներում իսլամիստական ծայրահեղականության դեմ պայքարում են շատ ավելի խիստ, քան մյուս պետությունները. Նրանք գտնվում են դրա անմիջական հարվածի տակ:

Ռազմական գործողությունների դադարեցումը և կնքված համաձայնագիրը թույլ են տալիս միանգամից փակել Ադրբեջանի  համար այս և այլ անբարենպաստ և վտանգավոր գործընթացները: Իլհամ Ալիևը ձևական ժեստ արեց Անկարայի կողմը՝ հայտարարելով Ղարաբաղում թուրք խաղաղապահների մասին, բայց ստորագրված փաստաթղթում Թուրքիան ընդհանրապես չի հիշատակվում:

Այս համատեքստում խփված ռուսական ուղղաթիռի պատմությունը նոր շրջադարձ է ստանում:

Կասկած չկա, որ Ադրբեջանում կան ուժեր (առաջին հերթին ՝ թուրքամետ), որոնք շահագրգռված են  համաձայնագրի խախտմամբ: Ի վերջո, պարզ է, որ բանակցային գործընթացն արդեն որոշ ժամանակ շարունակվում էր, և դրա արդյունքների մասին տեղեկատվությունը շրջանառվում է համապատասխան օղակներում: Չի կարելի բացառել, որ կազմակերպված սադրանք է տեղի ունեցել այն հույսով, որ Ռուսաստանի իշխանությունները կտրվեն դրան և կհրաժարվեն վերջին պահին ձեռք բերված պայմանավորվածություններից, և Ղարաբաղում պատերազմը կշարունակվի:

Այնուամենայնիվ, Մոսկվան և Բաքուն իրենց պահեցին այնպես, ինչպես պետք է. Ադրբեջանը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը, Ռուսաստանը պահպանեց զսպվածությունը: Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին: 2018-ին փողոցներում բազմությունը Նիկոլ Փաշինյանին բարձրացրեց պետական իշխանության գլխին: Այս գիշեր նույն փողոցներում նույն զանգվածները պատրաստ էին նրան պատառոտել, քանի որ հանկարծ իմացան, որ երկիրը դեպի Եվրոպա տանող առաջադեմ առաջնորդը ինչ-որ  սխալ տեղ է տարել, իսկ ռազմական զարգացման ոլորտում նրա աշխատանքը բերել է  Հայաստանի ծանր պարտությանը:

Ի դեպ, այն փաստը, որ երիտասարդ առողջ տղամարդիկ նախընտրեցին ջարդուփշուր անել պետական շենքերը ՝ բանակ անդամագրվելու փոխարեն, առանց որևէ հեգնանքի նույնպես արևմտյան ամենաարդիական միտումների շրջանակներում է:

Այնուամենայնիվ, եթե Հայաստանը պատրաստ չէ դասեր քաղել վերջին մի քանի տարիների իրադարձություններից, դա ինքնին կանեն շատ այլ երկրներ:

Ընդհանուր տարածաշրջանում տիրող իրավիճակի համար կարևոր է մեկ նշանակալից փաստ: Հայկական և ադրբեջանական ուժերի միջև ներդրվող ռուսական զորախումբը կարող է բավականին խորհրդանշական չափերի թվալ: Բայց տերության ուժն ու ճանաչված հեղինակությունը չափվում են հենց նրանով, թե խաղաղապահների որքան քիչ թվով Մոսկվան կարող է կանգնել պատերազմող կողմերի միջև:Այն փաստը, որ դա բավարար է պատերազմը դադարեցնելու համար, ամրապնդում է Ռուսաստանի կարգավիճակը որպես «խաղաղություն երաշխավոր» Կովկասում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: