Ռուսաստանի ցուգցվանգն Արցախում. Թուրքիայի և Փաշինյանի «սորոսականների» արանքում. Ալեքսանդր Խոդակովսկիի անդրադարձը ԼՂ շուրջ պայմանագրին
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ռազմաքաղաքական գործիչ, պետանվտանգության նախկին նախարար, «Վոստոկ» գումարտակի հիմնադիր Ալեքսանդր Խոդակովսկին EADaily- ին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:
Նա մեկնաբանել է Ռուսաստանի միջնորդությամբ պայմանագրի ստորագրումը, ըստ որի՝ ԼՂՀ-ն կորցնում է իր տարածքի զգալի մասը, այդ թվում ՝ ռազմավարական կարևորություն ունեցող Շուշի քաղաքը, իսկ ռուս խաղաղապահները մտնում են տարածաշրջան:
«Հասկանալի է, որ մենք կարող ենք վերլուծել միայն այն, ինչ կա մակերեսին, առանց տիրապետելու կուլիսներում մեզանից թաքցված հանգամանքներին: Ստեղծված իրավիճակը, ինչպես կարող ենք նկատել, միանշանակ հաղթանակ չէ, բայց Ռուսաստանի համար վատ տարբերակներից այս մեկն ամենաքիչ բացասականն է: Ռուսաստանը գտնվում էր ցուգցվանգի վիճակում: Մի կողմից կա լիբերալ տրամադրված և «սորոսականներով» լցված Հայաստանի կառավարությունը, որը Ռուսաստանի նկատմամբ լավ տրամադրված չէ և ոչինչ չի արել Ռուսաստանի աջակցությունը ստանալու համար: Ռուսաստանն էլ, իհարկե, ստիպված էր պաշտպանել իր որոշակի շահերը: Հասկանալի է, որ Ռուսաստանը արմատական օգնության դիմաց կպահանջեր վերանայել հայ-ռուսական հարաբերությունները: Անհասկանալի է, թե դա ինչպես պետք է արվեր, բայց, ըստ ամենայնի, գործընթացը տեղից չի շարժվել, քանի որ ՀՀ կառավարությունը ստիպված էր մի շարք տարածքներ միակողմանի հանձնելու որոշման պատասխանատվություն ստանձնել: Ռուսաստանն այստեղ հանդես է գալիս որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր. խաղաղապահների ներդրումը այժմ առավել շահեկան է Ռուսաստանի համար», - ենթադրում է Ալեքսանդր Խոդակովսկին՝ ընդգծելով, որ Մոսկվան, փաստացի, խուսափեց նաև Թուրքիայի հետ հարաբերությունների սրումից:
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները մթագնում է միմիայն Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, սակայն, ըստ գործչի՝ Հայաստանը «չի դադարել իրենց համար նշանակալիպետություն լինել»:
«Այս իրավիճակում ամենաշատը տուժում է հենց Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որը 30 տարի դիմակայել էր պաշարմանը, երբ հանկարծ, մեկ ամսից մի փոքր ավելի տևած ռազմական սրման հետևանքով կորցրեց այն ամենը, ինչը կարողացել էր երկար տարիներ պահել ջանքերի և զոհերի գնով: Բայց պետք է հասկանալ, որ Հայաստանն ինքն է իրեն նման իրավիճակի մեջ դրել: Իհարկե, Հայաստանի ձայնը ավելի քիչ է հաշվի առնվել: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը, երբ նրա համար պարզ է դարձել իրավիճակի լուծման պատկերը, տարատեսակ խորհրդակցություններ է անցկացրել Արևմուտքի հետ, իսկ նա չէր կարող չանցկացնել այդ խորհրդակցությունները: Փաշինյանը ոչ միանգամից, ոչ միայնակ ստանձնեց այդպիսի պատասխանատվություն և համաձայնվեց Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների ու Ռուսաստանի դիրքորոշման հետ: Բնականաբար, նա խորհրդակցություններ է անցկացրել իր արևմտյան կուրատորների, իր գործընկերների հետ, որոնց վրա կենտրոնացած է Հայաստանի կառավարությունը: Եթե Փաշինյանը ստիպված է եղել ընդունել պարտությունը, նշանակում է ՝ Արևմուտքը երես է թեքել Փաշինյանից և նրան ոչ մի օգնություն ցույց չի տվել: Նրա բոլոր գործողությունները ՝ թաքնվելու փորձը, վկայում են այն մասին, որ Արևմուտքը, որին նա ծառայել է և հանուն որի նա փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, չի աջակցել նրան և մեն մենակ է թողել ծայնրագույն իրավիճակում: Ռուսաստանը, իհարկե, զսպվածություն է ցուցաբերել, հասկացել է, ոչ դժվար իրավիճակում չի կարող գործել ինչպես փիղը սպասքի խանութում: Սխալ գործողություններով Ռուսաստանը կարող էր ստեղծել հակամարտության ևս մեկ օջախ, որն էլ ավելի կբարդացներ իր դիրքերը, երբ նա արդեն ճնշման տակ է բոլոր կողմերից , - կարծում է Ալեքսանդր Խոդակովսկին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա:










