Քաղաքական իշխանությունը մեզ պարտադրեց հայրենազրկում. եթե սրան ազգային դավաճանություն գնահատականը չտանք, ի՞նչ է. Լիլիթ Գալստյան
Ինչպես հասկանում եք, քաղաքական բանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է: Իսկ քաղաքական բանտարկյալներ Հայաստանում ունենք հենց երեկվանից, որովհետև դեռ մեր հանրահավաքը չսկսած՝ արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը: Այս մասին ընդդիմադիր քաղաքական ուժերի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց՝ 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը որոշում ուներ այսօր կազմակերպել մամուլի ասուլիս՝ ներկայացնելու երեկվա հավաքի արդյունքները, ինչպես նաև խոսել անելիքների մասին: «Մեր օրակարգը մի փոքր փոխվեց, քանի որ եկան ԱԱԾ ներկայացուցիչները և ԱԱԾ հրավիրեցին Արծվիկ Մինասյանին, Արսեն Բաբայանին և Արա Հակոբյանին»,-ասաց նա՝ ընդգծելով, թե գնահատականը մեկն է՝ Արցախում սև գործը կատարած քաղաքական իշխանությունը որոշել է նաև Հայաստանում որդեգրել ռեպրեսիաների, ճնշումների, քաղաքական բռնաճնշումների քաղաքականություն՝ փորձելով բռնության գործիքներով լռեցնել հայ ժողովրդի ցասումը, ընդվզումը, վիրավորանքը, վիրավորված արժանապատվությունը:
«Իհարկե, չենք լռի: Ոչ միայն մենք՝ 17 կուսակցություններս, որ նախաձեռնել ենք հանրահավանքները և ղեկավարում ենք բողոքի ալիքը, մեզ հետ է հայ ժողովուրդը Հայաստանում, սփյուռքում, որովհետև մենք չենք պատրաստվում ընդունել մեզ նետված անարժանապատվության այս «սև ձեռնոցը», մենք չենք ուզում հաշտվել մեր ճակատագրում, մեր պատմության մեջ արձանագրած այս սև էջին, որովհետև մեզ համար թանկ են մեր երազանքները, մեր որդիների թափված արյունը, մեր երկրի ճակատագիրն ու արժանապատվությունը»,-ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ այդ տեսակետների հետ համաձայն է հասարակության ճնշող մեծամասնությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում:
Նրա խոսքով՝ այսօր գործ ունենք կապիտուլյացիա իրականացրած մի իշխանության հետ, որը չի պատասխանում հարցերին, թե ինչպես եղավ, որ 2,5 տարի վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանն այսպիսի ստորացուցիչ, նվաստացուցիչ վիճակում հայտնվեց:
«Գնացել ենք կապիտուլյացիայի՝ առանց հստակեցնելու Արցախի մնացած «փշուրի» կարգավիճակը: Հայրենազրկվել ենք ընդամենը շատ կասկածելի խաղաղության դիմաց, ու նաև ոտնձգություն ՀՀ սուվերենությանը, որովհետև Մեղրիով պետք է ճանապարհ փոխանցենք: Այսօր հայտնվել ենք քաղաքական մեկուսացման մեջ, գրեթե անդաշնակից: Շուշիում նամազ է հնչում. ավելի կեղտոտ, ավելի սև էջ, այսպիսի ցավալի պատկեր Ցեղասպանությունից հետո դժվարանում եմ արձանագրել: Մեր քաղաքական իշխանությունը մեզ պարտադրեց հայրենազրկում, հայրենազրկումը ցեղասպանության բաղադրիչն է»,-ասաց նա, ապա դիմեց ժողովրդին.
«Հանրապետության 3 մլն վարչապետներ, սփյուռք, ձեր թիկունքում միանձնյա ստորագրվել է կապիտուլյացիոն ստորացուցիչ նվաստատուցիչ, անարժանապատիվ, մեր հեռանկարը մթագնող մի հայտարարություն, որի իրավունքը նա չուներ: Եթե սրան ազգային դավաճանություն գնահատականը չտանք, ի՞նչ է»,-ասաց նա՝ նշելով, թե քաղաքական ճնշումներից չեն վախենում:
«Մենք բոլորս քաղաքական բանտարկյալ ենք, և եթե հայրենիքի ապագայի համար պայքարը հանցագործություն է, վստահ ենք, որ բոլորս պետք է պայքարենք մի մարդու պես»,-ասաց Լիլիթ Գալստյանը:










