Ոստիկանությունը բերման ենթարկեց Ազատության հրապարակում հանրահավաք անող քաղաքացիների մի մասին՝ կիրառելով բռնի ուժ․ հանրահավաքը կշարունակվի վաղը՝ 16:00-ին Ազատության հրապարակում (տեսանյութ)

16:50 • 12.11.20

20։01

Թեև հավաքը ավարտվեց, սակայն ակցիայի մասնակիցներին Ոստիկանությունը  շարունակում էր բերման ենթարկել: Ոստիկանությունը կոչ արեց ազատել տարածքը՝ զգուշացնելով, որ հրաժարվելու դեպքում բոլորին բերման կենթարկեն:

19։51

Ազատության հրապարակից Ոստիկանությունը, չնայած անձեռմխելիությանը, բերման է ենթարկվել նաև պատգամավորների: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները նշեցին, որ գնում են Ազգային ժողով՝ հասկանալու համար իրավիճակը, իսկ վաղվա հավաքը միանշանակ ուժի մեջ է: Այսօրվա հավաքն ավարտվեց:

19։48

Ոստիկանությունը բերման է ենթարկում Ազատության հրապարակում հանրահավաք անող քաղաքացիներին՝ կիրառելով բռնի ուժ:Հանրահավաքի կազմակերպիչները անհասկանալի են համարում այն, որ հավաքի ավարտին Ոստիկանությունը նման քայլի է գնացել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ ունեին տեղեկություններ, որ սադրանքներ են եղել: «Դուք տեսաք, որ ինձ վրա կոնկրետ հարձակվեցին ալկոհոլի ազդեցության տակ գժտվող տղամարդիկ»,-ասաց նա:


19։13

Հանրահավաքի մասնակիցներն արդեն Ազատության հրապարակում են, կազմակերպիչները հանդես են գալիս ելույթներով:


18։54

Հանրահավաքի մասնակիցներն Ազգային անվտանգության շենքի դիմացից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որից հետո հանրահավաքի կազմակերպիչները հանդես կգան հայտարարությամբ:

17։51

Հանրահավաքի մասնակիցներն այս պահին երթով շարժվեցին դեպի Ազային անվտանգության ծառայության շենք, իսկ հետագա երթուղու մասին կտեղեկացնեն:

17։25

Վարչապետի հրաժարականի պահանջով քաղաքացիներն ու քաղաքական ուժերը հավաքի և երթի մեկնարկից առաջ օրհնության կարգ կատարվեց, այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի 45-օրյա պատերազմի զոհերի հիշատակը, որից հետո քաղաքական գործիչները հանդես եկան ելույթներով:

16։50

Վարչապետի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը քայլերթ են անում։ Քայլերթի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարազատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։

Քայլերթի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թե որևէ բան գաղտնի չի բանակցվելու և ժողովուրդն է որոշելու Ացախի հարցում յուրաքանչյուր բան, Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշում է կայացրել և Արցախը կապիտուլացնելու փաստաթուղթ է ստորագրել։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱՔլիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջաններնը, Շոիշին և Հադրութը։

Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ երեկ նույն պահանջով տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ձերբակալվել են 10 ընդդիմադիր գործիչներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը, «Հանրապետական» կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը և այլք: