Չի կարող լինել նախադեպ, երբ Արցախը թուրքի առաջ ծնկի բերած ղեկավարը մնա. անիմաստ է կառչել իշխանությունից. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

17:47 • 12.11.20

Չի կարող լինել նախադեպ, երբ Արցախը թուրքի առաջ ծնկի բերած ղեկավարը մնա: Դուք հասկանում եք, որ անիմաստ է կառչել իշխանությունից: Այս մասին Մատենադարանի դիմաց հանրահավաք-երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եկեք ինձ հիմա այստեղ ձերբակալեք: Եթե այդքան երեխա է զոհվել, այդքան տարածքներ ենք հանձնել, իմ և իմ գործընկերների ձերբակալությունն ինչ է այն մայրերի կսկիծի դեմ, ովքեր կորցրել են իրենց որդիներին: Գիտեք չէ՞, որ ձեր հանձնած տարածքներում մարդիկ իրենց տները վառում են, որ թուրքի փայ չդառնա: Լավ էդքանից հետո էդ ինչ թանկ բան է իշխանությունը, որ ճանկռելով կառչել եք իշխանության, ասում եք՝ եկեք համախմբենք իմ շուրջ: Ինչի՞ շուրջ համախմբենք: Չի ներվելու ձեզ այս ամեն, տականքներ»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է մանիպուլյացիաների, ֆեյքերի միջոցով պահպանել իշխանությունը: «Ասում են՝ Արցախը հանձնել ես, դու ասում ես՝ թալանը: Քեզ ասում են Արցախը հանձնել ես, դու ասում ես՝ զինվորները չցանկացան կռվել, փախան: Սուտ է: Հիմա արդեն բազմաթիվ իրական ազատամարտիկներ, իրական զինվորներ, ում արդեն ասվել է՝ զենքերը հանձնեք, իջեք: Գալու են չէ՞, հո ձեր մանիկյուրով տղաները չեն, որոնք իբր հենց նոր դիրքերից են իջել»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Արցախի հարցով հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի ղեկավարներ և անդամներ Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը և մնացածը քաղաքական բանտարկյալներ են:

«Դատախազին հանձնարարված է կյանքի գնով, իրավական հիմնավորում գտնել կոնկրետ ինձ, Գևորգ Պետրոսյանին և մյուս գործընկերներիս անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու համար»,- նշեց նա:

Պատգամավորը ԱԱԾ-ին, Ոստիկանությանը, ՊՆ-ին կոչ արեց չկատարել ժողովրդի դեմ դուրս գալու անօրինական հրահանգները:

«Մենք ամեն ինչ պետք է անենք Արցախը վերադարձնելու համար, ինչպես, ինչ ճանապարհով՝ չգիտեմ: Դրա համար պետք է ստեղծվի ազգային փրկության կոմիտե, պետք է իրական հնարավորությունները քննարկել: Իշխանության համար կռիվ չենք տալիս, ինչպես տարածում են ֆեյքերը: Ժողովուրդ, մի սթափ հարց եմ տալիս՝ ո՞ր քաղաքական ուժը հիմա կգնա և կվերցնի իշխանություն: Այս իրավիճակում, որ քաղաքական ուժը կասի՝ ես ուզում եմ իշխանություն լինել, երբ գիտի, որ ժառանգելու է ծնկի բերված Արցախ, վաճառված Շուշի: Ոչ մեկս իշխանություն չենք ուզում, չհամարձակվես խաբել ժողովրդին»,- հայտարարեց Նաիրի Զոհրաբյանը: