«Ապօրինի հրամաններ ստացել եմ, բայց չեմ կատարել»․ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում էր (տեսանյութ)
Ես մի փոքր շուտ եմ վերադարձել, անմիջապես պատերազմը սկսելուն պես, վերադարձել եմ ՀՀ, փորձել եմ որպես գեներալ, բարձրաստիճան սպա օգտակար լինել իմ հայրենիքին, սակայն այնպես ստացվեց, որ ես էլ վարակվեցի կորոնավիրուսով, վերջերս եմ ապաքինվել, հիվանդանոցում էի, դուրս եմ գրվել: Այս մասին Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունի վարչապետի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարության մասին:
Նա նշեց, որ այսօր նպատակահարմար է գտել կանգնել ժողովրդի կողքին, և որ ձերբակալվածների մեջ էլ ունի ընկերներ:
Tert.am-ի հիշեցմանը՝ նա գեներալի կոչումը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Օսիպյանն արձագանքեց. «Ես Փաշինյանից չեմ ստացել, ես ստացել եմ Հայաստանի Հանրապետությունից»։
Հարցին՝ կիսո՞ւմ է Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, Օսիպյանը նորից կրկնեց. «Ես ժողովրդի կողքին եմ, Օսիպյանը տարիներ շարունակ եղել է ժողովրդի կողքին»:
Պնդող հարցին, թե այսինքն՝ այստեղ հավաքված ժողովրդի կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, կիսո՞ւմ է, Օսիպյանը պատասխանեց. «Եթե ես ժողովրդի կողքին եմ, ուրեմն ժողովրդի կողքին եմ»:
Անդրադառնալով այն պնդմանը, թե պատերազմի օրերին մարդիկ չեն կռվել, փախել են առաջնագծից՝ վերջինս ասաց. «Ես հավատում եմ մեր զինվորին, հավատում եմ, որ մեր զինվորը լավագույններից մեկն է տարածաշրջանում, մեր զինվորի կողքին ենք բոլորս։ Կռվել է, թե ոչ, ես հնարավորություն չեմ ունեցել մասնակցություն ունենալու և ինքս գնահատականներ տալու։ Կարելի է հարցնել բարձրաստիճան զինվորականներից, որովհետև տարբեր կարծիքներ են շրջանառվում համացանցում և թող պարզաբանեն»։
Ի պատասխան հարցի, արդյոք կարծում է, որ այս ամենի լուծման ճանապարհը վարչապետ Փաշինյանի հրաժարականն է, նա ասաց, որ կարծում է՝ ահնարին ոչինչ չկա:
Ինչ վերաբերում է նրան, թե վարչապետն ասում է նախկիններն են մեղավոր և այլն, Օսիպյանն ասաց, նախկինների մեջ շատ նվիրյալներ կան և սրիկաներ էլ կան, ներկա իշխանությունների մեջ էլ նվիրյալներ կան և կան նաև շատ սրիկաներ:
Հարցին էլ՝ ԱԱԾ նախկին պետը խորհուրդ է տվել իր կոլեգաներին չգնալ խղճի դեմ և հանուն պետականության դադարեցնել ապօրինի հանձնարարությունների կատարումը, նրա պաշտոնավարման օրոք ապօրինի հրահանգներ ստացե՞լ եք, նա ասաց. «Համամիտ եմ իմ ընկերոջ հետ, նաև դրա համար էլ եմ այստեղ, որ ինքն այս պահին ձերբակալված է: Ես Վանեցյան Արթուրին ճանաչում եմ 25 տարի: Ես ապօրինի քաղաքական հրամաններ ստացել եմ, բայց չեմ կատարել»:
Ճշտող հարցին՝ դա է իր հրաժարականի պատճառը, նա ասաց՝ դրա մասին հետո, ինքը քաղաքականությամբ չի զբաղվում:
Հարցին էլ՝ ինչո՞ւ մեկ օրով նշանակվեց խորհրդական, հետո ազատվեց, նա պատասխանեց, որ ինքը աշխատանքի չի գնացել. «Ես բարձրաստիճան սպա եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինչ հայտարարություն էլ անեմ կլինի քաղաքական հայտարարություն:
Անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծվավ իրավիճակին, նա ասաց՝ իհարկե, դա մտահոգիչ է. «Ես ունեմ փոքր երեխաներ, ես մտահոգված եմ իրենց ապագայի համար, դրա համար էլ այստեղ եմ»,- ասաց նա և նշեց, որ լուծումը կգնվի ստեղծված իրավիճակից:
Մանրամասները՝ տեսանյութում:










