Փաշինյանը պետք է արժանապատվություն ունենա և հրաժարական տա, բայց մինչև արյունահեղության չհասնի, հային հայի դեմ չհանի, հրաժարական չի տա. Նաիրա Զոհրաբյան

19:22 • 12.11.20

Ձերբակալվել են հանրահավաքին մասնակցող 10-ից ավել առաջնորդներ՝ Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը և շատերը, բոլորը քաղաքական բանտարկյալներ են,  իրավական հիմք չկա, ապօրինի որոշումներ են: Միջազգային բոլոր իրավապաշտպան կառույցները տեղեկացված են, թե ինչ քաղաքական հետապնդումներ են իրականացվում ժողովրդավարական արժեքներով իշխանության եկած Հայաստանում. վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Փորձ է արվում խոչընդոտել ընդդիմության հանրահավաքը նորից եմ ասում իշխանության հետհաշվարկը սկսված է: Օգտատերերից ստացել եմ բազմաթիվ սպառնալիքներ, որը ուղարկված է Դատախազություն, դրանք իրական օգտատերեր են, որոնք իմ և իմ գործընկերների նկատմամբ հնչեցրել են մահվան սպառնալիքներ: Հույս ունեմ, որ այս անգամ հետամուտ կլինեն, որ տականքները, որ սպառնում է իմ գործընկերներին, կրեն քրեական պատասխանատվություն, ոչ մի աղբ անպատիժ չի մնալու, մենք կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ հայրենիք չեն հանձնում, որտեղ  հասարակությանը չեն բաժանում թշնամիների և չեն բուծում զոմբի տականքներ, ովքեր կատաղած շան նման հարձակվում են բոլոր նրանց վրա, ովքեր ասում են ճշմարտությանը, որ ձեր կուռքը դավաճան է»:

Հարցին, թե «Իմ քայլը» հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, Ձեզ վարչապետի կամ աշխատակազմի կողմից եղե՞լ է առաջարկ հանդիպելու, Զոհրաբյանը պատասխանեց.«Ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու ոչինչ չունեմ, մենք մի բան կարող ենք քննարկել՝ իր հրաժարականը: Ղեկավարը պետք է ունենա գոնե մի քիչ արժանապատվություն, ծնկաչոք ներողություն խնդրելու ժողովրդից, համբուրելու որդիներ կորցրած ծնողների ձեռքը և հրաժարական տալու, բայց իմանալով իրեն, մինչև հային հայի դեմ չհանի, արյունահեղության չհասնի, հրաժարական իր կամքով չի տա»: