Քանի կա այս իշխանությունը, որևէ հնարավորություն չկա թեկուզ մեղմելու ստեղծված վիճակը. այս Կառավարության հեռացումը թույլ կտա փաստաթուղթն իրականացնել ոչ այնպես, ինչպես այսօր նշված է. Դ. Շահնազարյան

18:34 • 12.11.20

Քանի կա այս իշխանությունը, որևէ հնարավորություն չկա թեկուզ մեղմելու ստեղծված վիճակը: Այս մասին Մատենադարանի դիմաց հանրահավաք-երթի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Նա շարունակելու է մինչև վերջ կատարել այն առաքելությունը, ինչի համար 2.5 տարի առաջ դրսի ուժերը իրեն բերել են իշխանության: Վարչապետի և իր ողջ թիմի հեռացումը կստեղծի հնարավորություն, որն այսօր չունենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախի հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությանը, Դավիթ Շահնազարյանը նշեց. «Փաստաթուղթը մի բան է, փաստաթղթի կիրառումը, իրականացումը մեկ այլ բան: Այս Կառավարության հեռացումը հնարավորություն կտա այդ փաստաթուղթն իրականացնել ոչ այնպես, ինչպես այսօր նշված է, իհարկե, ամբողջության մասին չէ խոսքը: Քարվաճառի շրջանում հիմա սկսվում է հումանիտար աղետ արդեն»:

Քաղաքական գործիչը նաև չափազանց կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով աշխատանքը. «Վստահ եմ, որ առաջիկա 1-2 օրվա ընթացքում դուք դա կտեսնեք, որ եռանախագահությունը նույնպես իր խոսքն ասելու է: Ֆրանսիայի տեսակետը հետևյալն է, որ Ղարաբաղը, ցավոք սրտի, նկատի ունեմ ԼՂԻՄ տարածքը, Ադրբեջանը չպետք է այդ տարածքներում լինի»:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այսօր առաջնային խնդիրն է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անհապաղ հեռացումը, որից հետո կստեղծվեն հնարավորություններ, որոնք այժմ չկան:

«Դրանից հետո պետք է ստեղծվի մարմին, որը կիրականացնի առաջին հերթին քայլերը՝ աշխատել մեր՝ այսօր արդեն զուտ ֆորմալ դաշնակցի հետ և այդ հարաբերությունները, որոնք ֆորմալ են, լցնել բովանդակությամբ: Եվ այդ խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի կիրառումը տանել ոչ այնպես, ինչպես դա անում է ներկայիս Կառավարությունը»,- նշեց նա: