«ՌԴ-ն բանակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի ՄԱԿ-ի կառույցները կարողանան գործունեություն ծավալել ԼՂ-ում»․ Լավրով
Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր ջանքերի մասին: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ԼՂ-ում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, գրում է tass.ru-ն։
«Մենք մեր գործընկերներին, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիային և ԱՄՆ-ին, մանրամասն տեղեկացրել ենք այդ մասին։ Ես խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, մանրամասն ներկայացրել եմ իրավիճակը և այն ջանքերը, որոնք մենք ձեռնարկել ենք։ Մենք խոսել ենք նաև ամերիկացի գործընկերների հետ»,- ասել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ՄԱԿ-ի խնդրանքով փորձում է Հայաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որպեսզի համաշխարհային կազմակերպության կառույցները կարողանան գործել Լեռնային Ղարաբաղում։
«Մենք կապի մեջ ենք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են մարդասիրական գործունեությամբ։ Խոսքը, նախևառաջ, փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության, ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մասին է։ Բոլոր այդ կառույցներն ունեն իրենց ներկայությունը տարածաշրջանում, բայց ոչ անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում։ Այժմ մենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներում փորձում են պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։










