Ռուսական և թուրքական ռազմական պատվիրակությունները քննարկել են ԼՂ-ում պատերազմի ավարտի մասին պայմանավորվածությունները

22:10 • 13.11.20

Ռուսական և թուրքական ռազմական պատվիրակությունները Անկարայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի մասին պայմանավորվածությունները: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Թուրքական և ռուսական ռազմական պատվիրակությունների տեխնիկական բանակցությունների այսօրվա մասն ավարտվել է։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատումից հետո կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը։ Բանակցությունները կշարունակվեն վաղը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։