Աշոտ Մինասյանի գտնվելու վայրը հայտնի չէ, հուսով եմ անձի առևանգում տեղի չի ունեցել, եթե նա բերման է ենթարկվել, պետք է հրապարակել նրա գտնվելու վայրը․ փաստաբան

21:23 • 13.11.20

Բերման է ենթարկվել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Քիչ առաջ իրավապահների կողմից բերման ենթարկվեց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը, ով սեպտեմբերի 28-ից գտնվել է առաջնագծում և մարտնչել ամենավտանգավոր դիրքերում...

Հետևություններն ու որակումները թողնում եմ ձեզ..․»,-գրել է նա։

Ավելի ուշ Միհրան Պողոսյանը տեղեկացրել է, որ Աշոտ Մինասյանի գտնվելու վայրը հայտնի չէ։

«Հարգելի լրատվամիջոցներ, 

ակնկալում եմ ձեր ակտիվ աջակցությունը Աշոտ Մինասյանի գտնվելու վայրը բացահայտելու հարցում։
Ըստ իմ աղբյուրների փաստաբանները մինչ այս պահը չեն կարողացել պարզել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի, գտնվելու վայրը։
Հուսով եմ, տեղի չի ունեցել բացահայտ հանցագործություն, այն է՝ անձի առևանգում և եթե Աշոտ Մինասյանը բերման է ենթարկվել կամ հրավիրվել որևէ իրավապահ մարմին, ապա այդ մարմինը պարտավոր է անհապաղ հրապարակել նրա գտնվելու վայրը, վերջինիս փաստաբան ունենալու իրավունքն իրացնելու համար»։