Նիկոլը պետք է հեռանա, և նոր բանակցողը պետք է փորձի շատ արագ լուծել բոլոր խնդիրները՝ գլոբալ հարցերին մինչև դետալներ, որոնցից կախված են մարդկային կյանքեր․ Կարեն Բեքարյան

15:37 • 13.11.20

Որևէ խոսք չկա ռազմական ճանապարհի, պատերազմի վերասկսման կամ ռազմական գործողությունների իրականացման մասին, խոսքը վերաբերում է հնարավոր բոլոր ջանքերը ներդնելուն՝ այս խայտառակ փաստաթղթի դրույթները դիվանագիտական ճանապարհով բարելավելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը՝ ներկայացնելով հաճախ հնչող մի քանի հարցեր և դրանց պատասխանները։

«Հաճախ հնչող հարցեր

Հարց 1

Մենք կորցրե՞լ ենք Արցախը:


Պատասխան

Հարցն արդեն իսկ իր մեջ պարունակում է մեր առկա իրավիճակի ողջ ողբերգությունը:

Մենք ունենք հետևյալ իրավիճակը՝ Արցախը կորցրել է Նիկոլ Փաշինյանը, իշխանության ողջ թիմը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և բոլոր նրանք, ովքեր առ այսօր հավատում են վերջիններիս և պայքարում իրենց րոպե ավել իշխանության մնալու համար: Հայ ժողովուրդը դեռ չի կորցրել Արցախը, բայց այս մարդիկ, ժամ ավել իշխանության մնալով, ստիպում են բոլորիս կորցնել Արցախը և հաշտվել այդ մտքի հետ: Արցախը չկորցնելու համար Հայաստանի և Արցախի գործող ղեկավարները վայրկյան շուտ պետք է հեռանան և նոր եկող բանկցողը/բանակցային թիմը պետք է փորձի հետ բերել այն, ինչն այս պահին հնարավոր է:

 
Հարց 2

Մնու՞մ է դեռ որևէ հնարավորություն դիվանագիտական և/կամ ռազմական ճանապարհով որևէ բան փրկելու։

Պատասխան

Բազմիցս ասել եմ, նորից կրկնեմ՝ որևէ խոսք չկա ռազմական ճանապարհի, պատերազմի վերասկսման կամ ռազմական գործողությունների իրականացման մասին։ Խոսքը վերաբերում է հնարավոր բոլոր ջանքերը ներդնելուն՝ այս խայտառակ փաստաթղթի դրույթները դիվանագիտական ճանապարհով բարելավելու համար։ Եվ այս հարցում կա անհրաժեշտ պայման՝ Նիկոլը պետք է հեռանա կամ հեռացվի։

Նոր բանակցային թիմը պետք է փորձի բարելավել դիրքերը՝ որքանով դա կհաջողվի։ Կրկնեմ՝ այս իրավիճակում ռադիկալ փոփոխություններ ակնկալելու մեծ հույսեր չկան։ Դեռ հուսով եմ, որ կարող են լինել փոփոխություններ այս պահին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Հադրութ քաղաքի, Հադրութի և Մարտունու շրջանների համապատասխան հատվածների, Շուշիի մասով, ինչպես նաև որևէ կերպ կարգավիճակի խնդիրն օրակարգ բերելու հարցով։

Վերոնշյալ կետերում անգամ որևէ կերպ փոփոխոթյան հասնելու համար Նիկոլը պետք է հեռանա և մենք պետք է փորձենք չկորցնել անգամ ամենափոքր շանսը։

Հարց 3

Ի՞նչ կտա մեզ Նիկոլի շտապ հեռացումը, և արդյո՞ք դա որևէ կերպ կարող է բերել իրավիճակի փոփոխության՝ ստորագրված փաստաթղթի հետ կապված:

Պատասխան

Խայտառակ փաստաթուղթը, որի մասին խոսում ենք, առավելագույն արդյունքն է, որին կարողացել է հասնել Նիկոլը:

Մի կողմ դրեք պատճառները, մի փորձեք հիմա ժամանակ ծախսել մեղավորներ գտնելու, հիմա դրա ժամանակը չէ:

Եթե որևէ մեկը մտածում է, որ Նիկոլն ունակ էր անելու ավելին և չի արել, արդյունքում՝ հայրենիքը հասցնելով այս արհավիրքին, ստացվում է, որ նա պետք է գա եզրակացության, որ Նիկոլն ազգի դավաճան է, իսկ եթե հավատում եք, որ արել է առավելագույնը, հստակ է եզրակացությունը, որ նա որևէ բան փոխելու կամ բարելավելու որևէ ռեսուրս այլևս չունի։

Սակայն անգամ մինիմալ շանսը, որ կարող է լինել տարբերություն՝ Նիկոլի ռեսուրս չունենալու և երկրում ռեսուրս չլինելու միջև, մենք անտեսելու իրավունք չունենք, հիշեցնեմ՝ խոսքը վերաբերում է հայրենիքի ճակատագրին, և մեծ հաշվով՝ նրա գոյությանը…

Թողնել Նիկոլին իր տեղում՝ նշանակում է չպայքարել, չփորձել հնարավորը խուսափելու համար այս խայտառակությունից:

Միարժեք է, որ պայքարի դաշտ կարող ենք ունենալ միայն ու միայն Նիկոլի հեռացումով:

Իսկ Նիկոլի հեռացումից հետո, բազմաթիվ կարևորագույն և շտապ այլ քայլերի շարքում, ԿՐԿՆԵՄ կայծակնային արագությամբ արտաքին աշխարհի հետ առնչությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանի) պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:

Հուսամ, արդեն լիարժեք պատկերացրիք Նիկոլի անհապաղ հեռացման անհրաժեշտությունը:

Նշեմ նաև, որ որքան էլ զարմանալի թվա, սա համառոտ պատասխան էր, բովանդակային մի շարք ու ահավոր էական բաղադրիչների դեռևս առիթ կունենանք անդրադառնալու:

Հարց 4

Ո՞վ է գալու իշխանության Նիկոլից հետո, և արդյո՞ք սա աթոռակռիվ չէ:


Պատասխան


Ո՛չ, սա աթոռակռիվ չէ՝ շատ պարզ պատճառով: Այն արհավիրքի մեջ ու բազմապատկված արհավիրքի սպասման ներքո, որում գտնվում է մեր երկիրն այսօր՝ միայն քաղաքական մահապարտը կձգտի ստանձնել նման պատասխանատվություն (լինի դա անհատ, թե որևէ առանձին վերցրած քաղաքական ուժ):

Փորձեք ընդամենը պատկերացնել առկա և սպասվող ճգնաժամի չափերը (պատերազմի մարդկային կորուստներ, հայրենիքի որոշակի հատվածի կորստյան ստորագրված փաստաթուղթ, չավարտված պատերազմ, փախստականների չդադարող հոսք, կործանարար դինամիկան չկորցրած պանդեմիա, սոցիալական և տնտեսական ճգնաժամ, ավիրված արտաքին և անվտանգային քաղաքականություն, և այլն, և այլն...):

Ի՞նչ աթոռակռվի մասին կարող է խոսք լինել նման «մխացող անապատի» պայմաններում:

Հետևաբար, խոսք կարող է լինել միայն ու միայն կոլեգիալ մարմնի կողմից իշխանությունը ստանձնելու մասին՝ հանրային պոտենցիալի մաքսիմալ ներգրավմամբ:

Հենց այս մասին են խոսում այսօր Նիկոլի անհապաղ հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը, և հենց այս մարմինն են փորձում հրատապ ձևավորել:

Որոշումների ընդունման գործընթացը նման իրավիճակում պետք է լինի առավելագույնս արագ, որակյալ և արդյունավետ: Վստահ եմ, դրան հասնելու համար կձևավորվի համակարգող մարմին:

Բոլորիս ներգրավմամբ պետք է փորձենք դուրս գալ այս արհավիրքից, դուրս գալ՝ հնարավորինս նվազեցնելով կորուստները…

Իրավական կարգավորումների մասին կխոսեն իրավաբանները:

Կոլեգիալ մարմինը կգործի մինչ այն պահը, երբ կործանմանը դիմագրավելու օրակարգը կհասնի իր տրամաբանական ավարտին, որից հետո բնականոն գործընթացով կձևավորվի նոր իշխանությունը: Կձևավորվի բոլորիս քվեի հիման վրա, իսկ կանենք մեր ընտրությունը՝ հիմք ընդունելով նաև քաղաքական ուժերից յուրաքանչյուրի այս ծանր շրջանում ունեցած իրական ներդրումը:

Այս ամենը կլինի, իսկ մինչ այդ՝ Նիկոլը ժամ առաջ պետք է հեռանա:


ՄԵՆՔ ՀԱՊԱՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ:


Հարց 5


Հանրության բավականին մեծ հատվածը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է: Արդյո՞ք դրանից հետևում է, որ դավաճան են նաև Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը:

Պատասխան

Ե՛վ պաշտպանության նախարարին, և՛ Գլխավոր շտաբի պետին ուղղված բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռ անպատասխան են և որոնց պատասխանները թույլ կտան հստակ գնահատականներ տալ նրանց իրականացրած և չիրականացրած գործողություններին, այդ թվում՝ նրանց նկատմամբ որևէ մեղադրանքի առողջ կամ անառողջ լինելուն:

Հարցերից ամենագլխավորը կարելի է հենց հիմա էլ տալ. ինչպե՞ս պատահեց, որ նույն Գլխավոր շտաբից ստացված տեղեկատվության հիման վրա Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այս խայտառակ փաստաթուղթը, և նույն Գլխավոր շտաբից ստացված տեղեկատվության հիման վրա ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հանրությանն անընդհատ վստահեցնում էր, որ հաղթելու ենք, հաղթել ենք և այլն: Ինչպե՞ս ստացվեց, որ Գլխավոր շտաբի պետի, Պաշտպանության նախարարի դեռ մինչև պատերազմն իրավիճակի վերաբերյալ ներկայացրած ամբողջական զեկույցներից ունենալով այդ ողջ պատկերը՝ Նիկոլ Փաշինյանը հրահրում էր պատերազմ, նաև՝ պատերազմի ընթացքում ունեցել է այն կեցվածքը, ինչ ունեցել է, որն էլ հանգեցրել է այս խայտառակ փաստաթղթի ստորագրմանը:

Եթե նրանք չեն ներկայացրել իրավիճակն ամբողջությամբ, պետք է դրա համար պատասխան տան: Եթե ներկայացրել են, բայց Նիկոլ Փաշինյանն իրականացրել է իր դավադիր ծրագիրը, պետք է պատասխան տա Նիկոլ Փաշինյանը: Բայց միևնույն է կմնա հարց՝ նրանք տեսել են, որ իրենց ղեկավարն այս ամենը չի ընկալում և չի հասկանում, ի՞նչն է նրանց պահել իրենց աթոռներին:

Նրանց ընդվզումը՝ թեկուզ սեփական հրաժարականի տեսքով, այս հանրության համար սթափեցնող ազդակ կլիներ և, բնականաբար, կփոխեր իրավիճակը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է ստանալ: Բայց հիմա կա մի շատ կարևոր հանգամանք. մենք ունենք դիվանագիտական ճանապարհով ինչ-որ բան փրկելու շանս: Մեր զորքերին այս պահին պետք է զսպվածություն և զգոնություն, քանի որ որևէ կերպ չի կարելի բացառել, որ Ադրբեջանն այս ընթացքում կարող է դիմել տարաբնույթ սադրանքների, իսկ բոլոր այս հարցերի ժամանակը կգա ավելի ուշ: Հիմա կա մեկ խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Հարց 6

Հնչում են Արցախ վերադառնալու տարբեր կոչեր՝ ուղղված Արցախի ազգաբնակչությանը: Բայց ի՞նչ երաշխիքներ ունի նույն մայրաքաղաք Ստեփանակերտի, էլ չասած՝ հարակից շրջանների բնակիչը, որ կարող է իրեն անվտանգ զգալ, վերադառնալ տուն և բնականոն կյանքի անցնել:

Պատասխան

Այս հարցը ստեղծված իրավիճակում երևի ամենակարևորներից է: Հարցի առկայությունն անգամ ցույց է տալիս, որ բանակցողը, փաստաթղթին իր համաձայնությունը տվողը որևէ պատկերացում չի ունեցել, թե դրանից հետո ինչ խնդիրների առաջ է կանգնելու:

Բնականաբար, կարելի է ասել, որ երաշխավորը խաղաղապահ ռուսական բանակն է: Բայց բոլորս շատ լավ պատկերացնում ենք, կամ առնվազն պետք է պատկերացնենք, որ լուծված և նախապես կարգավորված չեն գործընթացի կարևոր դետալները, քաղաքացու խնդիրները, նրա անվտանգության, գույքի, տեղաշարժի հարցերը: Այս բոլոր հարցերի լուծումները ոչ միայն նախատեսված չեն եղել փաստաթղթում, այլև տրված չեն առ այս պահը: Եվ դա այն պարագայում, որ նախատեսվում է ընդամենը երկու օր անց Ադրբեջանին հանձնել Քելբաջարի շրջանը:

Սա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլը պետք է հեռանա, և նոր բանակցողը պետք է փորձի հատ-հատ և շատ արագ լուծել բոլոր այս խնդիրները՝ գլոբալ հարցերից, որոնք հիշատակվել են վերևում, մինչև դետալներ, որոնցից կախված են մարդկային կյանքեր և ճակատագրեր»: