«Էրդողանը Օսմանյան կայսր դառնալու հավակնությունները ունի»․ եգիպտացի միլիարդատերը Էրդողանին մեղադրել է Մերձավոր Արևելքում «խառնաշփոթ» ստեղծելու համար
Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավիրիսը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան մեղադրելով Մերձավոր Արևելքում «խառնաշփոթ» ստեղծելու համար։
«Էրդողանը Օսմանյան կայսր դառնալու հավակնությունները ունի։ Նա իր ձեռքերը երկարացրել է Սիրիայի, Լիլբիայի, Իրաքի, իսկ այժմ նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա», - ասել է նա CNBC -ին տված հարցազրույցի ժամանակ։
Սավիրիսի խոսքով՝ «Էրդողանը մեծ խառնաշփոթ է ստեղծում Մերձավոր Արևելքում և փորձում է գողանալ հունական նավթն ու գազը»։
Սավիրիսի քննադատությանն ի պատասխան Սինգապուրում Թուրքիայի դեսպան Մուրատ Լյութեմը CNBC-ին հայտարարել է, որ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ուղղված է խաղաղության և կայունության պահպանմանն ու ամրապնդմանը»։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը համարվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտին:
Դեպքերի նման զարգացման ֆոնին Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա։










