Արցախի կարգավիճակի հարցը դեռ կարելի է վերադարձնել օրակարգ, բայց դրա համար մեզ նոր բանակցող է հարկավոր. Աննա Կարապետյան (տեսանյութ)

16:42 • 13.11.20

Արցախի կարգավիճակի հարցը կարելի է դեռ վերադարձնել օրակարգ, բայց դրա համար մեզ նոր բանակցող է հարկավոր: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

Նոյեմբերի 10-ի Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի հարցը ներառված չէ: Եվ դա մեծագույն բացթողում է, ասել է քաղաքագետը. «Եթե մենք թույլ ենք տալիս այս փուլում կարգավիճակի հարցի անտեսում, դրան անդրադարձը կլինի անորոշ ժամանակ անց և անորոշ արդյունքով»:

Նա ընդգծել է, որ Լավրովն էլ է իր խոսքում նշում, որ կարգավիճակի հարցին կանդրադառնան ավելի ուշ, երբ էթնո-կոնֆեսիոնալ հարցերը կարգավորված կլինեն, հարցի ընկալումը սուր չի լինի:

«Ի՞նչ է դա նշանակում: Երբ ադրբեջանցիները վերադառնան տարածաշրջան, այդ թվում՝ այն տարածքներ, որոնք այս պայմանավորվածությունների կատարումից հետո շարունակելու են մնալ հայկական վերահսկողության տակ, կարգավիճակի հարցին անդրադարձը գուցե նույնիսկ անիմաստ լինի՝ կախված նրանից, թե ինչ դեմոգրաֆիկ պատկեր կունենանք, կամ ինչ քաղաքականություն կիրականացվի»,- ասել է Կարապետյանը:

Ստեղծված իրավիճակին Ֆրանսիայի արձագանքը տարբերվում է, և քաղաքագետի կարծիքով, դա մեզ հնարավորություն է ընձեռում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ պետք է լինեն բանակցություններ և պետք է քննարկվի կարգավիճակի հարցը:

«Այսօր առնվազն ակտիվ աշխատանք ունենք տանելու Ֆրանսիայի հետ՝ ցույց տալու համար, որ այն, ինչ կատարվում է այսօր, արդարացի լուծումը չէ և դա չի արտահայտում հայ ժողովրդի շահը: Սակայն դրա համար պետք է շատ լավ հասկանանք, որ մեզ պետք է բանակցողի փոփոխություն՝ այսօրվա իշխանությունն արդեն իսկ ստացել է այն, ինչ ունակ է եղել ստանալ»,- ասել է նա:

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ այս իշխանությանը նույնիսկ չի հաջողվել հասնել նրան, որ միջնորդների կողմից արձանագրվի, որ Ադրբեջանն է սկսել պատերազմն ու մի շարք ռազմական հանցագործություններ է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ: Դրա փոխարեն Հայաստանի իշխանությանն են ենթատեքստով մեղադրում պատերազմ հրահրելու մեջ:

«Հարկավոր է նոր բանակցող թիմ, որը կունենա բավական դիվանագիտական ռեսուրս, որ ասի, որ ունի հարցեր առկա փաստաթղթի հետ կապված և կփորձի իրավիճակը բարելավել: Երաշխավորված չէ արդյունքը, բայց առնվազն մենք այսօր պարտավոր ենք փորձել»,- ասել է քաղաքագետը:

Ամփոփելով այսօր անելիքները՝ Կարապետյանն ընդգծել է, որ առաջինը պետք է աշխատել Ֆրանսիայի հետ, այդ թվում՝ պայքարել, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունն ու այդ կերպ օրակարգ բերի կարգավիճակի հարցը, Ռուսաստանի հետ պետք է աշխատանք տանել չհանձնելու համար այն շրջանները, որոնք կարողացել ենք զենքի ուժով պահել, ինչպես նաև պետք է փորձել դիվանագիտական ուղիներ գտնելով վերադարձնել այն տարածքները, որոնք իսկզբանե յոթ շրջանների հետ կապ չեն ունեցել և երբևէ որևէ բանակցային փաթեթում չի ենթադրվել, որ կարող են լինել Ադրբեջանի վերահսկողության տակ:

Մանրամասները տեսանյութում: