Խարկովում տղամարդը սպառնում է նռնակ պայթեցնել իր տանը խուզարկություն կատարելու պատճառով
Խարկովում տղամարդը նռնակով սպառնում է ոստիկաններին, որոնք նրա տուն են եկել խուզարկության նպատակով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ուկրաինայի ազգային ոստիկանության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:
«Այսօր ժամը 08:50-ին (Երևանի ժամանակով 10:50-ին) ոստիկանության Օսնովյանսկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները եկել են թաղամասի բնակչի տուն` խուզարկություն կատարելու համար: Տղամարդը նռնակով դուրս է եկել ոստիկանության դիմաց և սպառնում է պայթեցնել այն», - ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել մարզային և շրջանային ոստիկանության ղեկավարությունը, քննչական-օպերատիվ խումբը, վարչակազմի աշխատակիցներ, պայթուցիկ նյութերի բաժնի փորձագետներ և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները:
Սկսվել է ոստիկանության «Որոտ» հատուկ գործողությունը:










