Օրվա կտրվածքով ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբ է դիմում 300 արցախցի, իսկ զանգի միջոցով՝ հազարից ավելի. Միքայել Վիրաբյան (տեսանյութ)
ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի հիմնական խնդիրները ՀՀ ժամանակավորապես տեղափոխված Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորումն է և սերտ համագործակցությամբ ՀՀ գործընկեր կառույցների հետ համապատասխան ծրագրերի մշակումը և իրականացումը: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերով նախարար Միքայել Վիրաբյանը, որը համակարգում է օպերատիվ շտաբի աշխատանքները:
«Այս ժամանակահատվածում օպերատիվ շտաբը կարողացել է կարգավորել մի շարք խնդիրներ՝ թե՛ սոցիալական, թե՛ կրթական, թե՛ առողջապահական, թե՛ իրավական ծառայությունների մատուցման ոլորտում: Ունենք համապատասխան իրավական ծառայությունների գրասենյակ Վարդանանց փողոցում, որտեղ սպասարկում են մարդկանց փաստաթղթերի ստացման, ձևակերպման, դուրս գրման, նաև վերականգնման աշխատանքներ»,- ասաց նա:
Հարցին՝ օրվա կտրվածքով որքան մարդու հետ են հասցնում աշխատել, և արցախցիները հիմնականում ի՞նչ հարցերով են դիմում, նա արձագանքեց. «Հարցերը շատ-շատ են, սկսած՝ կեցության, սննդի, տաք հագուստի խնդրից, դիմում են փաստաթղթերի ձևակերպման, նոր կենսաթոշակների, սոցիալական տարբեր վճարների ձևակերպման խնդիրների հարցերով, որոնց մասին ինֆորմացիան մեր կայքէջով էլ, լրատվամիջոցներով էլ տարածում է մեր քաղաքացիների համար: Օրվա կտրվածքով գրասենյակում բացված մեկ պատուհան ընդունարանում գրանցվում է 300-ից ավելի մարդկանց ներկայություն, զանգերի միջոցով՝ հազարներով»:
Հարցին էլ՝ ընդհանուր գործընթացն ինչպես են կազմակերպում, լինո՞ւմ են դժվարություններ՝ կեցության հետ կապված, կամ որ չկարողանաք տեղավորել մարդկանց, նա նշեց, որ ՀՀ-ում գործում է կարգ, որ կեցության խնդիրները բավարարում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով:
«Նախարարությունն ունի թեժ գիծ և Քանաքեռ Զեյթունում Հայորդաց տան միջոցով լուծվում են: Խնդիրները երկկողմանի են: Ես ամեն օր կապի մեջ եմ փոխնախարարի հետ և փորձում ենք համակարգված լուծում տալ, թեև խնդիրը միայն նախարարության տիրույթում է, բայց ազդակները, հնչող զանգերը տեղ ենք հասցնում: Մեր քաղաքացիներին հորդորում եմ ընդունել առաջարկները, չառաջնորդվել միայն Երևանում է պետք է տեղավորվեն սկզբունքով, խնդիրների գերակշռող մասը սրանով է պայմանավորված»,- հայտարարեց Վիրաբյանը:
Նա նշեց, որ կարգ կա, որ քրոնիկ հիվանդությամբ մարդկանց են հիմնականում տեղավորում Երևանում, որ կարողանան ստանալ համապատասխան օգնություն և վիրավոր տղաներին, որոնք դուրս են գրվում, բայց ունեն խնամքի կարիք և հետագա բուժօգնություն, նրանք էլ կտեղավորվեն Երևանում, որ կազմակերպվի դա:
Մանրամասները՝ տեսանյութում:










