«Ռուսաստանն ասես մեծ արջի քուն մտած լինի, սակայն կուտակում է կատաղությունը». քաղաքագետը՝ Հայաստանում խոցված Մի-24 ուղղաթիռի ֆոնին ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին

14:50 • 13.11.20

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Միխայիլ Միրզոյանը Реалист լրատվական գործակալության հետ զրույցում մեկնաբանել է նոյեմբերի իննին Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքին՝ նշելով, որ «դա հետխորհրդային ժամանակաշրջանում Ռուսաստանի և հիմա արդեն Թուրքիայի նահանգ դարձած Ադրբեջանի միջև փոխհարաբերություններում շատ ամոթալի մի պատահար է»:

«Անկախություն ստանալով՝ նրանք ընթացել են Ռուսաստանի հետ քողարկված, բայց միևնույն ժամանակ ցուցադրական առճակատման ճանապարհով: Որևէ դեպքում չպետք է մոռանալ 1990-ականների կեսերին հետագայում Չեչնիա ուղարկելու նպատակով զինյալների համար որպես ռազմակայան օգտագործվող Ադրբեջանի դերի մասին: Ահաբեկիչների հետ կապվածությունը դեռևս այդ ժամանակվանից է նրանց մոտ ձևավորվել. նրանք երբևէ վատ չեն զգացել գլուխ կտրողների հետ սեղմ կապեր հաստատելուց»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Ռուսաստանում հրաշալի հիշում են նաև Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի պատմությունը, երբ արդիականացումից և դրանում զգալի միջոցներ ներդնելուց հետո Ադրբեջանը Ռուսաստանի հետ չշարունակեց պայմանագրային հարաբերությունները. չի կարելի մոռանալ նաև Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղի մասին, որ որը հանգեցրել է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման և տնտեսական կորուստների: 

Միրզոյանի խոսքով՝ դժվար չէ հիշել նաև նրանց վարքը երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ընդունելության ժամանակ, երբ թարգմանիչը, իբր սխալմամբ, ԱԳ նախարարի անունին իր հնչողությամբ նման վիրավորական բառ էր օգտագործել: 

«Հերիք է միայն պատահարի մասին հասարակ ադրբեջանցիների մեկնաբանությունները կարդալ՝ ևս մեկ անգամ համոզվելու նրանում, որ երկու երկրի միջև եղբայրական հարաբերությունների մասին բարձր հայտարարությունները միայն «հռչակագրային» բնույթ ունեն: Ռուսաստանը կարծես երկար տարիներ շարունակ մեծ արջի քուն մտած լինի: Վստահ եմ, որ այժմ կատաղությունը կուտակելու գործընթաց է տեղի ունենում: Արջը կարթնանա և այդ ժամանակ, ինչպես արտգործնախարարությունից են հայտնել, նրանց պատասխանը կործանիչ կլինի»,- ասվում է վերլուծության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, որ Պեսկովը մեկնաբանել է Բաքվի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպը՝ հայտարարելով, որ, իր կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վայրկենական արձագանքը և անկողմնակալ հետաքննություն անցկացնելու ու մեղավորներին պատժելու պատրաստակամությունը թույլ են տվել ընդունել Բաքվի ներողությունը

«Սա իսկապես աղետ է, ողբերգություն։ Զոհվել են մեր երկու զինծառայողները։ Այս դեպքում ակնհայտ է, որ ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքն ու անկողմնակալ հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու Ադրբեջանի պատրաստակամությունը թույլ են տվել ընդունել այս ներողությունները»,- ասել է Պեսկովը RT Россия յութուբյան ալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է:

«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: