ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային գործարքի ամբողջականությունը
Մոսկվան չի բացառում ԱՄՆ-ի վերադարձը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, միևնույն ժամանակ ՌԴ-ն ԱՄՆ-ին կոչ է անում պահպանել Իրանի հետ միջուկային գործարքի ամբողջականությունը. Վաշինգտոնը պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում ԱՄՆ-ի վերադարձին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, Զախարովան ընդգծել է.«Մենք չենք բացառում նման հնարավորությունը և երբեք էլ չենք բացառել: Եթե ամերիկացիները պատրաստ են կանգնել ուղղվելու ճանապարհին, ապա դա կարելի է միայն ողջունել: Եթե այդ ուղղությամբ շարժ լինի, դա չպիտի ծանրաբեռնված լինի լրացուցիչ պայմաններով»:
Դիվանագետի խոսքով՝ անհրաժեշտ է բացառել ծրագրիի վերանայումը, կանխել դրա իրականացման գործընթացում այն ասպեկտների ներմուծումը, որոնք դուրս են 2015-ի համապարփակ համաձայնագրից, հատկապես նրանց, որոնք չեն առնչվում իրանական միջուկային ծրագրին:
«Կարևոր է պահպանել այսպես կոչված միջուկային գործարքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ամբողջականությունը, Վաշինգտոնը պետք է ապահովի բոլոր պարտավորությունների լիարժեք կատարումը, շտկելու համար բոլոր խախտումները, որոնք նրանք թույլ են տվել՝ միակողմանիորեն դուրս գալով ծրագրից 2018 թվականի մայիսին: Սա վերաբերում է Իրանի դեմ բոլոր միակողմանի պատժամիջոցների վերացմանը»,-ընդգծել է Զախարովան:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության: Ընդունվել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել էր Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:
Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների նկատմմաբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
«Հնգյակն» ու Թեհրանը պայմանավորվել են մշակել ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով հաշվարկներ իրականացնելու համար:










