ՌԴ ՊՆ կայքում «Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ հատուկ բաժին է բացվել
ՌԴ պաշտպանության նախարարության կայքում «Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ հատուկ բաժին է բացվել, ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Նոր բաժնում հրապարակվելու են արդիական նորություններ, մուլտիմեդիոն նյութեր, ինֆոգրաֆիկաներ, ինչպես նաև` ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցները խաղաղապահ առաքելության իրականացման վերաբերյալ»,- ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Կայքի այցելուները հնարավորություն կունենան հրապարակված քարտեզներում տեսնել Լաչինի միջանցքում տեղակայված ռուսական դիտորդական տեղամասերի բաշխվածությունը, տեղեկատվություն ստանալ Լեռնային Ղարաբաղում տիրող ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:
Հրապարակվելիք ողջ տեղեկատվությունը թարգմանվելու է նաև օտար լեզուներով, իսկ բաժինն արդիականացվում է, որպեսզի հասանելի լինի նաև բջջային հեռախոսների համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
.jpg?1605230775734)










