Սիրիական Համայում ԻՊ գրոհայինները հարձակվել են կառավարական զորքերի վրա. կողմերն ունեն տասնյակ զոհեր. լրատվամիջոցներ
Սիրիական Համա նահանգի արևելյան հատվածում «Իսլամական պետության» գրոհայինները լայնամաշտաբ հարձակման են ենթարկել Սիրիայի կառավարական զորքերը, ինչի հետևանքով կողմերը լուրջ մարդկային կորուստներ են կրել։
Այս մասին, ինչպես գրում է EaDaily-ն, հաղորդում է Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR)՝ հղում անելով Սիրիայում ունեցած աղբյուրներին։
Սալամիա քաղաքից արևելք ընկած Աբու-Ֆայադ ամբարտակի շրջանում զինյալ գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 21 սիրիացի զինվոր, սակայն ենթադրվում է, որ զոհերի թիվը դեռ կավելանա, քանի որ անսպասելի հարձակման հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, որոնց վիճակը գնահատվում է ծանր։
Al-Masdar News գործակալության տվյալներով՝ ԻՊ-ի ահաբեկիչները գրոհել են կառավարական ուժերի դիրքերը՝ հասնելով Համա և Հոմս նահանգների վարչական սահման։ Սիրիական բանակին հաջողվել է ամբողջությամբ հետ մղել հարձակումը հինգշաբթի երեկոյան։ Ահաբեկիչները նահանջել են՝ կրելով կենդանի ուժի զգալի կորուստներ։
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով սպանվել է ավելի քան 40 զինյալ։ Անհաջող հարձակումից հետո ահաբեկիչները նահանջել են՝ փախչելով դեպի Բադիյա ալ-Շամի անապատային տարածքները։










