Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականներն ավարտել են ԼՂ-ի շուրջ տեխնիկական բանակցությունները
Ռուսաստանը և Թուրքիան այսօր ավարտել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տեխնիկական բանակցությունները և մտադիր են դրանք շարունակել առաջիկա օրերին, Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսական և թուրքական ռազմական պատվիրակություններն ավարտել են տեխնիկական բանակցությունները, ծրագրվում է դրանք կշարունակել առաջիկա օրերին», - ասված է հայտարարության մեջ։
Առայժմ հայտնի չէ, թե երբ և որտեղ են ընթանալու Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ հաջորդ բանակցությունները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:










