Ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իրականացվող ռեպրեսիվ թատրոնը նպատակ ունի կանգնեցնել ժողովրդական ընդվզումը և շեղել ուշադրությունը Արցախը հանձնելու հայտարարությունից. «Հայրենիք»
Երկիրը թուրքին հանձնած դավաճանական վարչախմբի հրամանով Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ և ձերբակալվել է: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը:
«Ընդդիմադիր քաղաքական առաջնորդների նկատմամբ իրականացվող այս ռեպրեսիվ թատրոնը, մի կողմից, նպատակ ունի կանգնեցնել սկսված ժողովրդական ընդվզումը, իսկ մյուս կողմից՝ շեղել հանրության ուշադրությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքով ստորագրված՝ Արցախը թշնամուն հանձնելու մասին հայտարարությունից:
Նույնիսկ ամբողջ ընդդիմադիր քաղաքական վերնախավի ձերբակալմամբ հնարավոր չէ մոռացության մատնել հայրենիքի նկատմամբ իրականացված դավաճանությունը: Չի՛ ներվելու»,-նշված է հայտարարությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաղաքական, հակաազգային հետապնդումները թևակոխում են նոր, ավելի այլանդակ փուլ։ Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով, ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն։










