Ֆրանկֆուրտում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել հակակարանտինային ցույցի ժամանակ

23:36 • 14.11.20

Գերմանիայի ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ կիրառել Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում կարանտինային միջոցների դեմ ցույցի դուրս եկած մարդկանց ցրելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքի իրավապահ մարմինների մամլո ծառայությունը:

Քաղաքի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել, որոնք պահանջում են վերացնել հասարակական կյանքի սահմանափակումները: Նրանց թվում նաև աջ արմատականներ կան: 

Ձախ ուժերի ներկայացուցիչներն, իրենց հերթին, պատասխան ակցիա են կազմակերպել և փակել են մի քանի փողոցներ՝ թույլ չտալու համար հակակարանտինային ցույցի մասնակիցների առաջխաղացումը:

Իրավապահ մարմինների աշխատակիցները գործադրել են բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտան բախումներ ցուցարարների խմբերի միջև: Նրանց ստիպված են եղել ջրցան մեքենաներ և մահակներ կիրառել: Ոստիկանության տվյալներով՝ հարձակումներ են եղել իրավապահների դեմ: