Պատերազմի բովով անցած նշանավոր գեներալներին, գնդապետներին վարկաբեկում են և փորձում են իրենց ներկայացրած պատմությունները վերագրել այդ մարդկանց, սա բանսարկություն է. ռեժիսոր (տեսանյութ)

14:59 • 15.11.20

Իմ կադրերում ես վավերագրել եմ պատերազմը և նրանց, ովքեր իրենց սխրանքով, իրենց զոհաբերությամբ Արցախի ազատությունը և Արցախը Հայաստանին վերամիավորելու ջանքերի շնորհիվ կարողացան իրենց հերոսությունը ցուցաբերել. Աշոտ Մինասյանի ձերբակալելու իրավաչափության հարցը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց նշեց «Չկրակված փամփուշտներ» ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:

«Այնպիսի բացառիկ կենսագրություն, ինչպիսին ունի Աշոտ Մինասյանը, հանկարծ բանսարկության անհասկանալի պատմություններով հայտնվել է դատարանում, բոլորիս հայտնի է՝ ինչ մեղադրանքով: Դժբախտաբար, մենք չենք կարողանում փայփայել մեր հերոսներին: Մենք այդ պատճառով ենք այստեղ, որ պաշտպանենք մեր գնդապետին, զինվորի նվիրյալի պատիվը և ոչ միայն Աշոտ Մինասյանի, այլև նրանց, ովքեր հայտնվել են այս վիճակում»,- նշեց նա:

Թադևոսյանի խոսքով՝ երեք պատերազմների ընթացքում Աշոտ Մինասյանը մասնակցել է, և ինքը  նյութ է պատրաստել, թե 2016 թվականին ինչպես է Աշոտ Մինասյանը երկու որդիների հետ ամենավտանգավոր հատվածում պաշտպանում Արցախի և Հայաստանի փառքն ու  պատիվը.

«Այս պատերազմում Մինասյանը նույնպես առաջնագծում էր և ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ նա ոչ մի դիրք, ոչ մի սանտիմետր չի նահանջել՝ իր ջոկատի հետ և այսօր հայտնվել է անհասկանալի վիճակում, ու զայրույթը բոլորիս բերել է այստեղ՝ պարզելու, թե որքա՞ն մենք պետք է դեռ մեր հերոսներին վարկաբեկենք: Հիմա մենք գտնվում են անհասկանալի վիճակում, որ պատերազմի բովով անցած նշանավոր գեներալներին, գնդապետներին վարկաբեկում են և փորձում են իրենց ներկայացրած պատմությունները վերագրել այդ մարդկանց, սա բանսարկություն է, որը հարիր չէ ազգային իշխանությանը, մանավանդ այն դեպքում, երբ մենք գտնվում ենք պատերազմում: 80 հազարից ավել փախստականներ կան, ձմեռ է լինելու, ո՞վ է, ո՞վ է հոգալու նրանց կեցությունը, հագուստը»:

Նրա խոսքով՝ հետայսու մենք չպետք է թույլ տանք ագրեսիա, այլ պետք է զբաղվենք բանակաշինությամբ և կերտենք նոր տեսակի հայ, որ այլևս չի զբաղվելու թալանով և մսխում պետության ունեցվածքը. «Այսօր գիտենք՝ ինչ վտանգի  առջև ենք կանգնած, Մեղրիի հատվածում մեզ փորձում են պարտադրել, որ մենք Նախիջևանից դեպի Ադրբեջան ճանապարհ տանք, իսկ դա այն հեռահար ծրագրերից մեկն է, որը Թուրքիան քանի դար է՝ մտածում է: Ցավում եմ, որ ամբողջ աշխարհը լռեց և դավաճանեց, մեզ թողեց մենակ այս արհավիրքի առաջ, մեր թանկագին զոհերի շնորհիվ կարողանում էինք պահել մեր սահմանը: Մենք պետք է հասկանանք, որ մեր դաշնակիցը մենք ենք»: