ԱԱԾ տեսանյութում խոսակցությունից պարզ չէ, թե ովքեր են խոսում, այդ անձանց հետ պետք է կազմակերպել առերեսում․ այս մեղադրանքը քաղաքական հետապնդում է. փաստաբանը՝ Արթուր Վանեցյանի ձերբակալության վերաբերյալ

17:15 • 15.11.20

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը:

Մինչ նիստի սկսվելը Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ Արթուր Վանեցյանը երեկ ձերբակալվել է ապօրինի, և դատարան բողոք են ներկայացրել, որտեղ վիճարկում են ձերբակալման իրավաչափությունը:

«Նախաքննական մարմինը, քաջ գիտակցելով, որ ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, այսօր մեղադրանք է առաջադրել Արթուր Վանեցյանին կրկին ապօրինի՝ իբրև իշխանության յուրացման և Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության համար: Մեղադրանքն ակնհայտ ապօրինի է, և բովանդակությունն անհասկանալի է, մեղադրանքի էությունը չի պարզաբանվել: Վանեցյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Մենք պահանջել ենք առերեսում կատարել բոլոր այն անձանց հետ, ովքեր, հնարավոր է, որ վկայեն իր դեմ, և բացահայտել այն ապացույցները, որոնք հիմք են տվել այս մեղադրանքն առաջադրելու համար, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր փաստարկները, որովհետև մենք չենք պատկերացնում, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը, որ կարողանանք պատշաճ փաստարկներ ներկայացնել»,- փաստաբանը:

Սահակյանի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեսանյութում ակնհայտ չէ, թե ովքեր են խոսողները, և իրենք պահանջել են, որ բացահայտվի՝  ովքեր են խոսող անձիք.

«Խոսակցությունից պարզ չէ, թե ովքեր են խոսում: Այդ անձանց հետ պետք է կազմակերպել առերեսում, եթե այդ անձը նկատի ունի Արթուր Վանեցյանին և կպնդի, որ Վանեցյանն ինչ -որ հնարավոր հանցագործության հետ առնչություն ունի, ապա մենք կկարողանանք հարցեր տալ, իսկ եթե այդպես չէ, մենք պետք է կարողանանք հարցեր ուղղել այն անձին, ով կկարողանա վկայել Արթուր Վանեցյանի անմեղությունը»:

Փաստաբանը նշեց, որ դեռ առերեսումներ չեն կատարվել, որևէ ապացույց չի ներկայացվել, և իրենք տեղեկացել են մամուլից և իրենց համար անհասկանալի է՝ ինչի՞ մասին է խոսակցությունը:

«Այս մեղադրանքը քաղաքական հետապնդում է, և ամեն ինչ արվում է, որ փորձեն կասեցնել ժողովրդի ցասումը։ Անձանց, որոնք կարող են որոշակի գործողություններ ձեռնարկել, որ չկորցնենք մեր հայրենիքը, թույլ չեն տալիս, ամեն ինչ անում են, որ իրենց ծրագիրը մինչև վերջ հասցնեն»:

Նա նշեց, որ Վանեցյանի կալանավորման վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել, բայց ենթադրվում է, որ նման շուտափույթ մեղադրանքի առաջադրման հետևանքը պետք է լինի կալանավորման միջնորդությունը:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ապօրինի խուզարկություններ են արվել, որի վերաբերյալ բողոք են ներակայացնելու, քանի որ խուզարկություն եղել է Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում:

«Ծնողների բնակարանից առգրավել են Արթուր Վանեցյանի հոր օրիանական որսորդական զենքերը՝ չնայած բոլոր թույլտվություններին, նրանց մի մասը լրիվ նոր են եղել և օգտագործված չեն եղել: Մենք հասկացանք՝ ինչու են այդպես անում, որ հնարավորինս շատ զենքերի քանակ ցույց տան հասարակությանը: Խոսքը 8 որսորդական զենքի մասին է: Արթուր Վանեցյանի տունը խուզարկելու համար եկել են սխալ հասցեով, մտել են «Հայրենիք» հիմնադրամի տարածք՝ որպես բնակարան, այսինքն՝ նրանք հասցեով իրավունք ունեցել են խուզարկել տունը, ոչ թե հիմնադրամը, խուզարկել են, ոչինչ չեն հայտնաբերել»,- նշեց փաստաբանը: