Իշխանությունները հերթական անգամ փորձում են լռեցնել ինձ, բայց փառք Աստծո, արդարություն այս երկրում դեռ կա և այս փուլում հաղթեց. Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
Գործող իշխանությունները հերթական անգամ փորձում են լռեցնել ինձ, բայց փառք Աստծո արդարություն այս երկրում դեռևս կա, և այս փուլում այն հաղթեց. լրագրողների հետ զրույցում, դուրս գալով դատական նիստից, ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես հավաստիացնում եմ բոլորին՝ ես որևէ հանցանք չեմ գործել, ո՛չ այս պահին, ո՛չ էլ առհասարակ իմ կյանքում: Ես մշտապես պաշտպանել եմ օրենքը և շարունակելու եմ պաշտպանել օրենքը, օրենքի գերակայությունը երկրում երկրի զարգացման ուղին է: Ես կոչով եմ հանդես եկել՝ պահպանել Սահմանադրությունը, սակայն այս իշխանությունները, խախտելով մեր Սահմանադրությունը, ժողովրդի մեջքի հետևում ստորագրեցին հայրենիքի մի հատվածը թուրքին հանձնելու խայտառակ պայմանագիրը: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ այս խայտառակ պայմանագիրը մեր ինքնության և ազգի պետության ապագայի մասին է: Մենք պայքարելու ենք մինչև վերջ, մինչև հաղթանակ»,– ասաց Արթուր Վանեցյանը:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Ազգային անվտանգության նախկին պետ Արթուր Վանեցյանի ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը: Նրա փաստաբան Լուսին Սահակյանն ավելի վաղ ասել էր, որ միջնորդություն է ներկայացվել Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսվել է ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը այդ միջնորդությունը չի միացրել բողոքին և այն քննում է առանձին:










