Իսկ հնարավոր չէ՞ հակասական ինֆորմացիաներ տալով՝ էվակուացիոն հսկա աշխատանքները 2 օր խանգարելու փոխարեն միանգամից կատարել վերադասի հրահանգը․ Վ․Բեգոյանը՝ Դադիվանքի հոգևոր ժառանգությունը տեղափոխելու մասին

00:11 • 15.11.20

 

Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն այսօր aysor.am-ի հետ զրույցում նշել էր, որ Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում։

«Մեր վերադասի հրամանով՝ հանում ենք, որովհետև հարցերը չեն լուծվել: Բայց ժամանակավոր ենք հանել, նորից կվերադարձնենք ու կտեղադրենք, երբ հարցերը լուծվեն»,- ասել էր քահանան և հավելել, որ վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Տեր Հովհաննեսին հաղորդել էր․ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»:

«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Վահե Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է նախ Դադիվանքը չտալու՝ Արցախի նախագահի հայտարարությանը և ավելի ուշ Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի դիտարկմանը, թե Դադիվանքի հոգևոր ժառանգությունը ժամանակավորապես տեղափոխվում  է Մայր Աթոռ, քանի որ խնդիրը չի լուծվել։

«Իսկ հնարավոր չէ՞ անընդհատ հակասական ու անհստակ ինֆորմացիաներ տալով հայտնի մարդու խոսքերի վրա հիմնվելու և էվակուացիոն հսկա աշխատանքները երկու օր խանգարելու փոխարեն միանգամից կատարել անմիջական վերադասի հրահանգը, լրատվականներին էլ հարցազրույցներ տալու փոխարեն ուղղորդել թեմի ու Մայր Աթոռի լրատվական բաժիններ, որ էն ինչ որ պետք չէ, ժամանակից շուտ չհայտնվի նաև թշնամական կայքերում»,- գրել է Բեգոյանը։