ՌԴ ԱԻՆ-ի՝ Արցախին օգնություն տրամադրելու համար տեխնիկա և անձնակազմ տեղափոխող առաջին օդանավը վայրէջք է կատարել Երևանում
ՌԴ ԱԻՆ-ի՝ հատուկ տեխնիկա տեղափոխող ինքնաթիռը, որը կիրակի օդ էր բարձրացել «Ժուկովսկի» մերձմոսկովյան օդանավակայանից, վայրէջք է կատարել Երևանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76 օդանավը վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 19:00-ի սահմաններում: Օդանավը տեղափոխել է 30 մարդուց կազված օպերատիվ խմբին և տեխնիկա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը, կենտրոնական ապարատի մասնագետներից կազմված օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը:
Ավելի վաղ հաղորդվում էր Ստեփանակերտում հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմավորման մասին: Առաջիկայում կենտրոնի կազմը կհամալրեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության ուժերն ու տեխնիկան:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։










