Ֆիլիպիններում տասնյակ կյանքեր խլած «Վամկո» պտտահողմը հարվածել է Վիետնամին

14:26 • 15.11.20

Ֆիլիպիններում ավելի քան 60 մարդու կյանք խլած «Վամկո» թայֆունը կիրակի օրը հարվածել է Վիետնամի կենտրոնական նահանգներին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը`հղում տալով VNExpress պորտալին:

Տեղի օդերևութաբանական ծառայության տվյալներով ՝ թայֆունը կիրակի առավոտյան հարվածել է Թյաթիեն Հուե և Հաթին նահանգներին, շրջաններում քամու արագությունը հասել է ժամում 90 կիլոմետրի: Ինչպես նշել են օդերևութաբանները, հարվածից հետո պտտահողմը թուլացել է մինչև արևադարձային ընկճվածության մակարդակ:

Շաբաթ օրը պտտահողմի սպասումով իշխանությունները փակել են տեղական հինգ օդանավակայան: Ուրբաթ օրվանից մարզերում փակվել են հանրային լողափերը, իսկ նավակներին արգելվել է ծով դուրս գալ: Իշխանությունները նաև խորհուրդ են տվել տեղի բնակիչներին շաբաթ երեկոյից չլքել իրենց տները: Մի քանի հազար մարդ, որոնք ապրում էին ցածրադիր վայրերում և սողանքների վտանգի տակ գտնվող տարածքներում, տարհանվել են:

Պորտալը նշում է, որ պտտահողմի հարվածից հետո վնասվել են որոշ շենքեր, մի քանի շրջաններում ծառեր են արմատախիլ եղել: Սպասվում է, որ ուժեղ քամիները կշարունակվեն մինչև երկուշաբթի: