Արդարությունն այն է, որ դավաճանը պետք է հեռանա՝ իր ոհմակով. քաղաքացի (տեսանյութ)
Արդարության, հաղթանակի հույսով եմ գալիս, արդարությունն այն է, որ դավաճանը պետք է հեռանա: Միայն նա չէ դավաճան, այլ նրա ամբողջ ոհմակը ազգային դավաճաններ են: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականի պահանջով տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Քաղաքացին վարչապետին հորդորեց հիշել 2,5 տարվա իր ամբողջ քաղաքականությունը: «Հենց առաջին օրվանից նա ազգի մեջ տարել է պառակտման և խառնակչության քաղաքականություն. սևերի և սպիտակների, ազգի մեջ հրմշտոց ստեղծելու քաղաքականություն: Երբ նրա նախորդ հոդվածներն եմ հիշում, մազերս բիզբիզ են կանգնում, ինչեր է նա գրել Հայոց ցեղասպանության մասին, ազգային-ազատագրական պայքարի մասին, Արցախի մասին: Առաջին հերթին պետք է մեր ներքին ցեցի հարցը լուծենք, հետո թշնամու դեմ պայքարենք»:
Ըստ նրա՝ ստորագրված փաստաթուղթը հայտարարություն է, որը կարող ենք փոխել, երբ միասնական լինենք:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։










