Ցավ եմ ապրում մեր զոհված տղաների համար, շատ կցանկանայի, որ Փաշինյանը հրաժարական տար․ քաղաքացի (տեսանյութ)

18:23 • 16.11.20

Շատ կցանկանայի, որ Փաշինյանը հրաժարական տար, թե ինչ կփոխվի, ժողովուրդը կորոշի: Ժողովուրդը շատ զայրացած է, ամեն մեկը մի բան է խոսում, ոչինչ ստույգ չգիտենք, թե ինչ է եղել, ոնց է եղել. ավելի է վատացնում ժողովրդի վիճակը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականի պահանջով տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Ցավ եմ ապրում մեր զոհված տղաների համար: Երևի, մենք էլ մեր մեղքն ունեինք, որովհետև տարիներ շարունակ մարդիկ իրենց այգիներում, տներում սպանվել են, բայց ոչինչ երբեք չի բացահայտվել»,-ասաց նա:  

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։