«Դավիթ Տոնոյանը թող գա` պատասխան տա ժողովրդին. իմ որդին 50 օր չկա». անհետ կորած զինծառայողի մայր

14:26 • 16.11.20

Դավիթ Տոնոյանը թող գա, պատասխան տա ժողովրդին, թե որ գումարտակի երեխաները որտեղ են, մենք միայն մեր երեխաներին ենք ուզում: 50 օր է՝ իմ որդին չկա: Այս մասին այսօր ՊՆ-ի դիմաց ասաց անհետ կորած զինծառայողի մայրը:

«Երկու ամիս է՝ տարբեր տեղերից մարդիկ գալիս են, բայց որևէ մեկին պատասխան չեն տալիս: Իբր 300 երեխա են գտել, թող՝ բարի լինեն, հայտարարություն տան, խեղճ մարդիկ հիվանդանոցից հիվանդանոց են վազում: Ի՞նչ անենք, ասեք, անենք: Ասացին 20 րոպե սպասեք, Տոնոյանը կգա, մի ժամ է՝ սպասում ենք. սա չի՞ մեր պետությունը»,-ասաց նա:

Նա նշեց, որ իր որդին՝ Արթուր Ստեփանյանը Սարգսի, Ջաբրայիլի 3-րդ գումարտակից է: Սեպտեմբերի 29-ին է գանգել, ասել՝ մամ ջան, այս վիճակն է, ամեն ինչ նորմալ է, լավ եղեք: «Անջատել է ու լուր չունեմ:

Ամեն տեղ դիմել ենք, ասում են՝ սպասեք, դե ծնող, դիմացի, ո՞ւր է քո երեխեն: Ո՞ւմ դիմեմ, եթե ոչ նախարարին, նախարարը դուռը փակել, նստել է ներսում, պատասխան չունի տալու: Հիվանդանոցների ցանկը դրած զանգում ենք, ասում են՝ ուրախ եղեք, որ ոչ վիրավորների մեջ կա, ոչ զոհվածների, ոչ անհետների. բա ո՞ւր է, օդ ցնդե՞ց երեխես»: