Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ ժողովրդի դատի առաջ, բայց դատավորը՝ ժողովուրդը, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին. Նիկոլ Փաշինյան

11:28 • 16.11.20

Որևէ կասկած և տարընթերցում չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար և տեղի ունեցածի համատեքստում կրում է պատասխանատվությունը: Այս մասին առցանց ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք ընդունում է պատասխանատվությունը, որ պատերազմն իր վարած քաղաքականության հետևանք է և եթե ոչ, ո՞վ է այն պաշտոնյան, որ պատասխանատու է տարածքների, հազարավոր զոհերի, կորուստների և գաղթականների համար:

«Ես հասկնաում եմ, նաև ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով, ինչպես նախկինում գործունեության բերումով պետք է կանգնեմ, եթե շատ պայմանական ասեմ կամ սուր ձևակերպենք, մեր ժողովրդի դատի առաջ, բայց որ տվյալ դեպքում դատավորը՝ ժողովուրդը կարողանա եզրահանգումների գալ, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին: Այսինքն՝ պետք է խոսակցություն տեղի ունենա. հենց նույն զինվորներին լսելը, նույն ընդդիմությանը լսելը, կառավարությանը լսելը, բոլորին լսելը այս պրոցեսի շատ կարևոր ու անբաժանելի մասն է, և ես կարևոր եմ համարում արձանագրելը, թե ինչ է տեղի ունեցել»,- հայտարարեց նա:

Փաշինյանի խոսքով տեղի է ունեցել այն, որ 2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը ԼՂՀ հարցի կարգավորման հատել էր չվերադառնալիության կետը, երբ, ըստ էության հարցը, մտել էր տարածքներ՝ ոչնչի դիմաց տրամաբնության փուլ: Նա մեղադրեց ՀՀԿ-ականներին, որ այդ ամենի մասին նրանք գիտեին և մատնանշեց վերջիններիս գրառումները այդ թվին, որ իր իշխանության գալուց նշել էին, որ դա աղետ է բերելու Լեռնային Ղարաբաղին, որ լինելու են տարածքների կորուստներ, հողեր են հանձնվելու:

«Երեք տարբերակ կա. կամ էդ մարդիկ մարգարե են, կամ մեր կառավարությունը, անձամբ ես իրոք դավադիր եմ, չարամիտ դավaդրությամբ եկելç հասել եմ նրան, որ Արցախի համար պրոբլեմներ ստեղծեմ և կա երրորդ տարբերակը՝ այդ մարդիկ պարզապես այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել ԼՂՀ հարցի բանակցային գործընթացը»,- նշեց նա և հավելեց, որ իր վարած քաղաքականությունով փորձել է չհամաձայնել այդ ամեն ինչի հետ, փոխել տրամաբանությունը:

«Հիմա կարող ենք ասել, ցավոք, մեզ դա չի հաջողվել, որովհետև մենք կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ առանց որևէ նախապայմանի և մեր ամբողջ քաղաքականությունը եղել է փորձ անել փոխելու այդ տրամբանությունը և որը չենք կարողացել»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ իրենց հիմա մեղադրում են հակադարձ բաների մեջ. «Մեղադրում են, որ ստորագրել ենք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ, մյուս կողմից մեղադրում են, որ ավելի վաղ չենք ստորագրել թղթեր, որ այդ տարածքները հանձնվեն: Մեզ մեղադրում են, որ պատերազմի մեջ զոհեր են եղել և մեղադրում են զոհերից խուսափելու համար գնացել ենք այդպիսի քայլերի»,- ասաց նա:

Հարցին էլ՝ իր պաշտոնավարման սկզբում բանակցությունները սեփական կետից սկսելու մասին է խոսել, ո՞րն է հիմա այդ սեփական կետը բանակցություններում, նա պատասխանեց. «Սեփական կետ ասելով ես նկատի ունեի, որ մենք այդ տրամաբանությանը փորձում ենք և փորձելու ենք չհամաձայնվել, դա էր այդ կետը: Ինչ վերաբերում է նոր կետին, պետք է վերլուծենք և ձևակերպենք այն օրակարգը, որը մենք այսօր ունենք այսօրվա իրավիճակի շուրջ և պետք է սպասարկենք այդ օրակարգը, մասնավորապես, կենտրոնանալով ԼՂՀ կարգավիճակի վրա: ԼՂՀ ճանաչումը նոր սրությամբ և նոր խորությամբ պետք է դրվի նոր բանակցային գործընթացի հիմքում»: