«Այդպիսի բան չի եղել, եղել են նույն տրամաբանությամբ առաջարկներ». Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկության մասին, թե պատերազմի փուլերում եղել են փաստաթղթեր՝ ավելի նպաստավոր պայմաններով, քան նոյեմբերի 10-ինը  

12:00 • 16.11.20

Ո՛չ, այդպիսի բան չի եղել: Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են իր սեղանին դրվել, ընդ որում՝ ավելի նպաստավոր պայմաններով, քան նոյեմբերի 10-ի հայտարարությունը:

«Եղել են էլի նույն տրամաբանությամբ առաջարկներ, եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչ պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում՝ Շուշին, և առանց որևէ կարգավիճակի»,-ասաց նա՝ ընդգծելով, թե պատերազմից առաջ էլ է այդպես եղել:

«Ես ուզում եմ՝ բոլորս շատ պարզ արձանագրենք՝ այդպես է եղել 2016-ից, և 2016-ի Ապրիլյան պատերազմը այս պատմության «վերջին զանգն» էր ՝ այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»,-ասաց Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ 1998-ից ի վեր բանակցային գործընթացում եղել է միայն մեկ կոնկրետ թեմա՝ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին: «Հայկական կողմի քաղաքականությունը եղել է այս պրոցեսը ձգելը»,-նշեց նա:

Վերջինս նաև հերքեց տեղեկությունը, թե ռուս խաղաղապահները Շուշին ընկնելուց օրեր առաջ արդեն տեղափոխվում էին ՀՀ: «Դա բացարձակապես անհիմն տեղեկություն է, և խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո»,-նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ավելի նպաստավոր պայմաններով Նիկոլ Փաշինյանին ուղղված առաջարկների մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: